Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի հարզազրույցում կարծիք հայտնելով, թե այս վիճակում քաղաքական վերադասավորումների կամ քաղաքական գործընթացների մասին «լուրջ-լուրջ խոսելը ծիծաղելի է»՝ Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը ասում է. - «Ուղղակի ամոթ է այսպիսի երկրի քաղաքացի լինելը: Այսօր Հայաստանում տեղի է ունենում գեղցի անգրագետների պայքար»: «Հիմա իմ տպավորությունն այն է, որ մաֆիոզ խուժանների խմբեր իրար հետ կռվում են: Զենք դեռ չեն օգտագործում. հիմնականում օգտագործում են փող եւ լծակներ: Իրար հետ կռվում են, իրար հետ գզվռտվում են, եւ դրա մեջ չկա ժողովուրդ: Եվ քանի որ չկա ժողովուրդ, ուրեմն չկա նաեւ քաղաքականություն», - գնահատում է Մանուկյանը: Հարցին, թե ընդդիմության անելիքը ո՞րն է լինելու, ԱԺՄ նախագահը պատասխանում է. - «Ընդդիմության հնարավորությունները էապես սահմանափակ են, որովհետեւ ընդդիմությունը իմաստ ունի այն երկրներում, որտեղ դու կարող ես մրցել քաղաքական դաշտում եւ հասարակության կողմից քվե ստանալ... Կա'մ այդ ամեն ինչը պետք է կոտրվի, կա'մ, եթե չի կոտրվել, կգտնվեն կոտրողները, քանի որ այս վիճակը երկար տեւել չի կարող: Ներսից չի կոտրվում, դրսից կտան՝ Հայաստանի հերը կանիծեն»:

«Էլի մեկ փրկիչ» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ում շարադրված է. - «Հունվարի վերջին կամ փետրվարի առաջին օրերին նախատեսված է անցկացնել նորաստեղծ «Մայր Հայրենիք» կուսակցության առաջին համագումարը: Հերթական կուսակցությունը պատկանում է մեկ այլ օլիգարխի` Միխայիլ Բաղդասարովին»: Թերթի տեղեկություններով, կուսակցության նախագահն է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի դոցենտ Կարինե Թումանյանը, իսկ կուսակցության գործադիր կոմիտեի անդամներ են Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը եւ Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը:

«Մինչ ողջ քաղաքական դաշտը քննարկում է, թե ուր է գնում Վիկտոր Դալլաքյանը, պարզվում է, մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր` Հմայակ Հովհաննիսյանը արդեն գրեթե գնացել է Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցություն», - բացահայտում է «Հայկական ժամանակ»-ը, որի թղթակցի հետ զրույցում պատգամավորն ասում է. - «Մենք երկար տարիներ ընկերներ ու գաղափարակիցներ ենք Բաբայանի հետ, եւ, բնական է, որ ես այսօր պետք է ինձ համար ապագա քաղաքական գործընկեր ընտրեմ այնպիսի մեկին, որը ունի քաղաքական խարիզմա եւ ռեալ ուժ: Իսկ Սամվել Բաբայանը հենց այդպիսի մեկն է, եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ, ինչպես ժամանակին նա չզիջեց պատերազմական դաշտում, այսօր էլ հաղթելու է կուսակցական դաշտում»:

«Հայաստանի քաղաքական դաշտը կարող է բնորդի դեր կատարել Պիկասոյի կտավներում», - «Ազգ»-ի մեջբերմամբ, երեկ այսպես պատկերավոր ներկայացրեց քաղաքական դաշտի ներկա կեցվածքը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը` ցուցադրելով Պիկասոյի հայտնի «Գերնիկան»:

«Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների առաջադրման հարցում օրերս վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, թե կոալիցան կպաշտպանի Արմեն Հարությունյանի թեկնածությունը, սակայն վերջինս թեկնածու լինելու հանգամանքից տեղյակ չէր»: Անդրադառնալով այս փաստին՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայոց աշխարհ»-ում նշում է. - «Արմեն Հարությունյանը այդ կերպ է արձագանքել այն պատճառով, որ ցանկանում է, թերեւս, զերծ մնալ քաղաքական շահարկումներից: Նրա պարագայում դա հասկանալի է, որովհետեւ նա քաղաքական գործիչ չէ... Բայցեւայնպես, ակնհայտ է, որ կոալիցիան մեկ թեկնածուով է հանդես գալու: Այդ առումով հիմնականում քննարկվում է հենց Արմեն Հարությունյանի թեկնածությունը»:

«Լարիսա Ալավերդյանը երկու տարում ի՞նչ է արել, որ երկու ամսում ինչ անի», - «Հայոց աշխարհ»-ի փոխանցմամբ, երեկ «Փակագիծ» ակումբում հայտարարել է «Օգոստոս 23» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Պուշկին Սերոբյանը` տարակուսանք հայտնելով, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, համեստորեն լռելու փոխարեն, «տիեզերական աղմուկ» է բարձրացրել նախագահի հրամանագրի շուրջ` իր օմբուդսմենական լիազորությունները ջանալով երկարաձգել եւս մեկ-երկու ամսով. - «Ավելին՝ միջազգային կազմակերպությունները մոտ 300 հազար դոլար են տրամադրել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով: Եվ հիմա որտե՞ղ են այդ փողերը` հայտնի չէ»: «Պուշկին Սերոբյանի տվյալներով, դրանք վատնվել են, մասնավորապես, շքեղ արտասահմանյան ավտոմեքենաներ ձեռք բերելու վրա», - գրում է «Հայոց աշխարհ»-ը:

«Ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվում «գազի վարկից»: Որովհետեւ չի ցանկանում նորից թալանվել» վերնագրի ներքո «Հայոց աշխարհ»-ը հիմնավորում է. - «Հայաստանը հրաժարվեց ռուսական «հոգածությունից», որի համար, անշուշտ, լուրջ հիմքեր կան: Ռուսական վարկերի մարումը մեկ անգամ արդեն լուրջ գլխացավանք էր պատճառել»:

Նույն թերթի մեկ այլ հրապարակման մեջ ընդգծված-ամփոփված է. - «Գազի գների բարձրացումը ԱՊՀ երկրներին, եւ մասնավորապես Հայաստանին, բարդ կացության մեջ կդնի: Սակայն ակնհայտ է նաեւ, որ դժվարություններն ի վերջո կհաղթահարվեն: Իսկ Ռուսաստանը ոչ միայն կզրկվի հարեւանների վրա ներգործելու հիմնական լծակից, այլեւ լուրջ կորուստներ կկրի դեպի Արեւմուտք այդ երկրների տնտեսությունների վերակողմնորոշման հետեւանքով: Քանզի բոլորը կտեսնեն, որ կարելի է ապրել նաեւ առանց Ռուսաստանի»:

«Շքանշան-մեդալների առատությունների, հարկի-անհարկի հոբելյանների, շնորհանդեսների մերօրյա հագեցվածության պատճառը թվում է մտքի պարապությունից ու լուրջ զբաղմունքների բացակայությունից է», - հայացք է ձգում «Ազգ»-ը՝ այս ծիրում ներկայացնելով Գրողների միությունում անցկացված մեդալաբաշխությունը. - «Երկու տասնյակ հայ գրողներ, թարգմանիչներ, հրապարակախոսներ պարգեւատրվեցին Միխայիլ Շոլոխովի հուշամեդալով: Շաբաթ օր էր, ու Գրողների միության կլոր սրահի կլոր սեղանի շուրջ հավաքվածներից միայն 4-ը չստացան այդ մեդալը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG