Մատչելիության հղումներ

logo-print
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն չորեքշաբթի օրը կարծիք է հայտնել, որ Վրաստանը սնող մայր գազատարը կարող է վաճառվել միայն Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի եւ Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարի շահագործման հանձնվելուց հետո:

«Մայր գազատարի վաճառքի հարցը բարձրացվել էր դեռեւս իմ նախագահության օրոք, սակայն մենք գազատարը համարում էինք ռազմավարական նշանակության օբյեկտ եւ հրաժարվեցինք վաճառել այն: Մենք որոշեցինք, որ, երբ մայր գազատարը պատկանում է Վրաստանին, Ռուսաստանը եւ Հայաստանը ստիպված են ավելի շատ հաշվի նստել Վրաստանի հետ», - ըստ «Կովկասպրես»-ի, լրագրողներին ասել է Էդուարդ Շեւարդնաձեն:

Հունվարի 13-ին Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել էր, թե «մայր գազատարի վաճառքի հարցում Վրաստանը ելնելու է պետական շահերից»: Ըստ նրա, դեկտեմբերի վերջին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մերժել էր համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին Վրաստանի առաջարկը՝ պատրաստակամություն հայտնելով ձեռք բերել գազատարը: Առաջարկի մանրամասները, Նողաիդելու խոսքերով, չեն քննարկվել:

«Կովկասպրես»-ը այս կապակցությամբ նշում է, որ վերջին մի քանի տարում Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Ջորջ Բուշը բազմիցս հորդորել են Վրաստանին չվաճառել մայր գազատարը, քանի որ դա կհարվածի երկրի էներգետիկ անվտանգությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG