Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների հաջորդ պաշտպանի ազգանունը կարող է լինել Հայրիկյան, Մխիթարյան, Պողոսյան, Կիրակոսյան, բայց իր էությամբ նա կլինի «Ամալյան»: Այսինքն` նախագահի կույր կամակատար, որը կանի այն, ինչ իրեն հրամայում են», - շեշտադրված է «Առավոտ»-ի խմբագրականում:

«Այսպիսի բան աշխարհում դեռ չէր եղել. Սահմանադրությամբ ստեղծված Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կնքված է եւ փակված անորոշ ժամանակով», - արձանագրում է «Գոլոս Արմենիի»-ին: - «Քաղաքացիները զրկվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եւ նրա աջակցությունը ստանալու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից... Երկրի բարեփոխված Սահմանադրության կիրարկման ավելի արտառոց սկիզբ պարզապես դժվար էր հորինել»:

«Կարելի է ասել, շատ քչերին է հուզում այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների պաշտպանը այս տարիուկեսում սովորել էր աշխատել, իսկ նորը պետք է սկսի «ա»-ից ու «բ»-ից», - մատուցում է «Ազգ»-ը: - «Բացի այդ, Լարիսա Ալավերդյանի` վերջին օրերին ասած ամենաէական միտքը` թե «ես թույլ չեմ տվել կուսակցականացնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը», երեւում է, ոչ մի արձագանք չի գտնում խիստ կուսակցականացված մեր քաղաքական դաշտի կորիֆեյների սրտում եւ մտքում»:

«Հայկական ժամանակ»-ի գնահատմամբ, Երեւանի պետական համալսարանի խորհրդի նիստում «սենսացիոն» իրադարձություն է տեղի ունեցել. Ռադիկ Մարտիրոսյանը, որը նիստից մի քանի ժամ առաջ խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք ստանալու նպատակով հրաժարական է տվել ռեկտորի պաշտոնից, խորհրդի նիստի արդյունքում չի կարողացել ընտրվել դրա նախագահի պաշտոնում: Թերթը մեկնաբանում է. - «Տեղի ունեցածը իշխանության ներսում խմորումների, այստեղ ծայր առած տարաձայնությունների արդյունք են»: «Ամեն դեպքում», - խորացնում է մեկնաբանը, - «ակնհայտ է, որ ինչ-որ հզոր ձեռք տապալել է Ռադիկ Մարտիրոսյանի ընտրությունը` ցույց տալու համար, որ վերեւից եկող հրահանգները ինչ-որ պահից կարող են չկատարվել. թերեւս Սերժ Սարգսյանը իր ասելիքը ասաց թերեւս Ռոբերտ Քոչարյանին»:

Կրթական համակարգին մոտ կանգնած փորձագետներից մեկը, որը գերադասել է չներկայանալ, «Ազգ»-ում ներկայացրել է իր դիտարկումը. - «Փաստորեն մարդիկ, որոնց դեկանի պաշտոնում նշանակել էր հենց Ռադիկ Մարտիրոսյանը, այսօր «ջնջեցին» նրան: Սա ցույց է տալիս, որ փակ, գաղտնի եւ արդար քվեարկության դեպքում, կարելի է առաջին հայացքից զարմանալի արդյունքի հասնել»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, բուհի խորհրդի անդամ Միհրան Հակոբյանը «իր տագնապն ու մտահոգությունը հայտնեց, որ ընտրությունների նման ելքից հետո որոշ անձանց հիմնական թիրախը դարձել է հենց ուսանողական հատվածը. - «Միհրան Հակոբյանը ոչ մի անուն չնշեց, սակայն ասաց, որ հստակ սպառնալիքներ են տեղացել ուսանողների հասցեին»:

«Հանրապետություն» կուսակցությունից հեռացած, այդ կուսակցության երիտասարդական թեւի արդեն նախկին ղեկավար Վահան Բաբայանը «Հայկական ժամանակ»-ում ասում է. - «Ես վերջնականապես համոզվեցի, որ ընդդիմությունն ու ընդդիմության լիդերները իրենց սպառել են: Իսկ այն մեղադրանքները, որ իբր իշխանություններն են ինձ դրդել դուրս գալ կուսակցությունից, իրականությանը չեն համապատասխանում»:

«Չմոռանանք, որ հայ ժողովուրդը վերջին երկու հարյուրամյակում Ռուսաստանի դաշնակից լինելու համար այնպիսի գին է վճարել, որ չի կարող չափվել գազի ներկայիս պրագմատիկ-մանրածախ արժեքով», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ասում է պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: - «Եթե Ռուսաստանի ղեկավարները դա չեն ընդունում եւ պրագմատիկ պատճառաբանությամբ փաստորեն վիրավորում են մեր ազգային զգացմունքները, ապա դա լավ բան չի խոստանում մեր հարաբերություններին: Ռուսաստանի այս կեցվածքը Հայաստանին կարող է մղել դեպի Արեւմուտք, որից Մոսկվան ոչինչ չի շահի»:

Նույն թերթում Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանն ասես հակադարձում է. - «Չեմ կարծում, թե գազի գնի հետ կապված այս ամբողջ գործընթացից պետք է հեռուն գնացող հետեւություններ անել` արտաքին քաղաքականության արմատական փոփոխության իմաստով»:

«Չորրորդ իշխանության» ձեւակերպմամբ, Ռուսաստանի նախագահ Պուտինը «իր կամքից անկախ մեծ լավություն արեց հայ ժողովրդին». - «Նա բոլորին ցույց տվեց, որ Ռուսաստանը ո’չ Հայաստանի «ավագ եղբայրն» է, ո’չ «ռազմավարական գործընկերը»: Հետեւաբար ժամանակն է, որ հայ ժողովուրդը թոթափի բոլոր պատրանքները եւ աշխարհին նայի ավելի իրատեսորեն»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, շաբաթ օրը «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել «ՀՀԿ-ի ակտիվացման յուրօրինակ ակտ», որտեղ ՀՀԿ-ն հավաքել էր իր կուսակցական ակտիվը` խաշ ուտելու եւ ընթացիկ հարցերը քննարկելու համար: Թերթի տեղեկություններով, «խաշ ուտելու այդ գործընթացը տեւել է աննախադեպ երկար` առավոտվա ժամը 11-ից մինչեւ ուշ երեկո». - «Մոտ 100 ներկաները մեկ էլ նկատել են, որ խաշի սեղանին իրար կողքի նստած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու «Վեդի ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը սկսել են քաշքշել իրար: Կուսակիցների օպերատիվ միջամտությամբ քաշքշոցի հետագա զարգացումը հնարավոր է եղել կանխել»: «168 ժամ»-ի տեղեկություններով՝ արարատցիները փորձել են այդ օրը փակել Սյունիք տանող ճանապարհն ու հաշվեհարդար տեսնել Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ. - «Սակայն այն կանխել են: Իսկ կիրակի օրը իշխանական ճամբարից մեկի օբյեկտում «բարիշացրել» են Մանվել Ղազարյանին եւ Սուրիկ Խաչատրյանին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG