Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը Քոչարյանի հետ քննարկել է «մտահոգությունները» սահմանադրական հանրաքվեի առնչությամբ


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջան էվանսը երեքշաբթի օրը հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ քննարկելու այն մտահոգությունները, որ ծագել են Վաշինգտոնում եւ այլուր կապված նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեի հետ:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հատուկ հայտարարության մեջ հիշեցրել է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը, որը հայտատվել է դեկտեմբերին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից դեռ պետք է ստորագրվի:

Նախագահ Քոչարյանի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է ընդամենը, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակության ծրագրերին առնչվող խնդիրներ», եւ «շոշափվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, մինչդեռ, տեղեկացրել է, որ դեսպան Ջոն էվանսը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկել են այն «հավանական քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել՝ համոզելու Միացյալ Նահանգներին, որ Հայաստանը մնում է հավատարիմ ժողովրդավարական հաստատությունների ուժեղացմանը եւ 2007, 2008 թվականներին ազատ ու արդար ընտրություններ անցկացնելուն»:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին մասնակցելու համար պետությունները պետք է որոշակի չափանիշների բավարարեն, որոնցից մեկը բնութագրվում է իբրեւ «արդար կառավարում»:

Դեսպանատան հայտարարությունը փոխանցում է նաեւ, որ ծրագրին հավանություն տալու որոշման հետ նամակ է ուղարկվել նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կորպորացիայի ղեկավար Ջան Դանիլովիչի կողմից, որտեղ մտահոգություն է հայտնվել Հայաստանի կառավարության կառավարման ոճի վերաբերյալ:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան խոստացել է Հայաստանին 235 միլիոն դոլար հատկացնել: Սակայն գումարն առայժմ չի հատկացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG