Մատչելիության հղումներ

Իրաքում պատանդառված կիպրոսահայը վերադարձել է տուն


Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ Ջեքերջյանը երկուշաբթի օրը վերադարձել է Նիկոսիա:

«Հուսով եմ, որ կկարողանամ այս ամենը անցյալում թողնել եւ նոր կյանք սկսել: Փառք Աստծո, ինձ հաջողվեց տուն վերադառնալ: Թշնամուս անգամ չէի ցանկանա այն, ինչ ես ապրեցի», - ըստ «Ֆրանսպրես»-ի, լրագրողների ասել է Կարո Ջեքերջյանը:

Իրաքյան զինյալների նախկինում անհայտ մի կազմակերպություն, որն իրեն անվանում է «Խմբավորում հանուն բարու տարածման եւ չարիքի վերացման», օգոստոսի 21-ին առեւանգել էր հայազգի գործարար Կարապետ Ժան Ջեքերջյանին եւ 1 միլիոն դոլար պահանջել նրան ազատ արձակելու համար: Ջեքերջյանը ազատ էր արձակվել Ամանորից հետո, եւ, ըստ նրա ընտանիքի, վճարվել է 200 հազար դոլար փրկագին:

Մահմեդական խմբավորումը սպառնացել էր սպանել Իրաքում «ամերիկյան օկուպացիոն զորքերին» ուտելիք եւ խմիչք մատակարարող Jeto Trading ընկերության ներկայացուցիչ 41-ամյա Ջեքերջյանին, ով Կիպրոսի եւ Լիբանանի քաղաքացիություն ունի՝ եթե ընկերությունը անհապաղ չդադարեցնի իր գործունեությունը Իրաքում: Կատարելով առեւանգողների պահանջը, ընկերությունը սեպտեմբերի կեսին դադարեցրել էր գործունեությունը Իրաքում:

«Ֆրանսպրես»-ը նաեւ հաղորդում է, որ պատերազմի սկզբից Իրաքում գրոհայինների կողմից գերվել են տասյակ արտասահմանցիներ, որոնց ավելի ուշ ազատ են արձակել՝ փրկագնի դիմաց: Սակայն եղել են նաեւ դեպքեր, երբ գրոհայինները սպանել են պատանդներին: Ներկայումս շուրջ 40 արտասահմանցիներ համարվում են անհետ կորած կամ պատանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG