Մատչելիության հղումներ

Բեժուաշվիլի. «Հարաբերությունները մեր երկու երկրների միջեւ շատ լավ պոտենցիալ ունեն ռազմավարական դառնալու»


Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գնտվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին երկուշաբթի օրը բավական ընդգրկուն օրակարգով հանդիպում է ուենցել հայաստանյան իր պաշտոնակից Վարդան Օսկանյանի հետ: Քննարկված հարցերի թվում էին տարածաշրջանային հակամարտութունները, տնտեսական համագործակցության հեռանկարները, սահմանների ճշգրտման գործընթացը եւ այլն:

Հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում Օսկանյանը տեղեկացրեց, որ մանրամասն ներկայացրել է Բեժուաշվիլուն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ ստեղծված լավատեսական մթնոլորտը: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային այլ հակամարտություններ՝ Աբխազիան, Հարավային Օսիան:

«Այդ կոնտեքստում [աբխազական] քննարկել ենք նաեւ երկաթգծի բացվելու հնարավորությունները, որտեղ նախարարը որոշ լավատեսություն ունի: Բայց, համենայն դեպս, դեռ չլուծված խնդիրներ կան: Բայց, համեմայն դեպս, որոշ հնարավորություն կա երկաթգծի բացման հետ կապված», - ասաց Վարդան Օսկանյանը:

Քննարկվել է նաեւ Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթգծի կառուցման հարցը: Օսկանյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի՝ արդեն հայտնի դիրքորոշումը, որ իմաստ չունի կառուցել մի երկաթգիծ, որը մեծ գումարներ եւ երկար ժամանակ կպահանջի, եթե կարելի է գործարկել արդեն գոյություն ունեցող Կարս - Գյումրի - Թբիլիսիի երկաթգիծը:

«Եթե Թուրքիայի խնդիրը այն է, որ Ղարաբաղի հարցի պատճառով չեն ուզում Հայաստանը որեւէ տնտեսական օգուտ ունենա, մենք այդ հարցին նույնպես պատասխան ենք տվել՝ ասելով, որ Հայաստանը պատրաստ է չօգտվել այդ երկաթգծի գործողություններից, այսինքն՝ իր բեռները չտեղափոխել», - ասաց Հայաստանի արտգործնախարարը: - «Մենք պատրաստ ենք, եւ միջազգային հանրությունը սրա մասին գիտի, Վրաստանի գիտի, Թուրքիան գիտի, Ադրբեջանը գիտի, որ Հայաստանը պատրաստ է է թույլ տալ, որ այդ երկաթգիծը աշխատի առանց իր մասնակցության»:

Վրաստանի արտգործնախարարը այս կապակցությամբ ասաց, որ գործընթացը դեռ երկաթգծի «տնտեսական շահավետության ուսումնասիրման փուլում է»: Բեժուաշվիլին, սական, ասաց նաեւ, որ Վրաստանի՝ որպես տարանցիկ երկիր զարգանալու ուղղությամբ նոր ճանապարհների բացումը ընդհանուր ռազմավարության մի մասն է՝ ավելացնելով. - «Ոչ մի ռազմավարական նախագիծ ուղղված չէ հարեւան երկրների մեկուսացմանը»:

Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ են Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում Ադրբեջանի հետ հարաբերությունները որակված որպես ռազմավարական, իսկ Հայաստանի հետ՝ ոչ, Գելա Բեժուաշվիլին նախ շեշտեց, որ դա վերաբերվում է զուտ անվտանգության ոլորտին:

«Ադրբեջանի հետ հարաբերությունները իրոք ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ գիտեք, որ Վրաստանի տարածքով անցնում են մի քանի կարեւորագույն էներգետիկ միջանցքներ, որոնք ոչ թե տնտեսական, այլ հիմնականում անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր են մեր երկրի զարգացման համար», - շարունակեց նա: - «Դա չի նշանակում, որ այսօր մենք չպետք է ռազմավարական հարաբերություններ կառուցենք Հայաստանի հետ: Ես կարծում եմ որ հարաբերությունները մեր երկու երկրների միջեւ շատ լավ պոտենցիալ ունեն ռազմավարական դառնալու: Եվ ես հավատում եմ, որ կգա ժամանակը, երբ ի հայտ կգան քաղաքական պայմանները ռազմավարական նշանակության ծրագրերի իրականացման համար մեր տարածաշրջանում՝ բոլոր երեք երկրների մասնակցությամբ»:

Արտգործնախարարի այցի նպատակներից մեկը նաեւ երկու երկրների միջեւ սահմանների ճշգրտման գործընթացի քննարկումն է: Այս նպատակով ստեծվել է հանձնաժողով: Վարդան Օսկանյանի փոխնացմամբ, կան որոշակի տարաձայնություններ. - «Իհարկե, որոշ տարբեր մոտեցումներ կան, եւ քաղաքակական կամքի երկու կողմերի դրսեւորման դեպքում, կարծում եմ, որ կկարողանանք այդ հարցը լուծել»:

Վրաստանի արտգործնախարարը այսօր Երեւանում հանդիպումներ է ունեցել նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի տարած հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել «երկու երկրների էներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերի, համագործակցության հնարավորությունների վերաբերյալ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG