Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը հերքում է նորաստեղծ կուսակցության ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը


Երկուշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասաց, թե «չի կարծում», որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին ինքը կմասնակցի գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, պաշտպանության նախարարը ասաց, որ «շատ նորմալ», «առանց վայրիվերումների» է վերաբերում իրողությանը, երբ գործարարները ստեղծում են քաղաքական կուսակցություններ:

Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկվելու հնարավորությանը վերաբերող հարցին Սերժ Սարգսյանը պատասխանեց. - «Չեմ կարծում: Համենայն դեպս, ինձ նման առաջարկություն չի եղել, եւ չեմ էլ կարծում, որ կարող է լինել»:

Նախորդ խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Հանրապետական կուսակցության ցուցակում էր: Հարցին, թե հնարավոր է, որ հաջորդ ընտրություններին էլ այդպես լինի, նախարարը խոստացավ պատասխանել «փետրվարի սկզբին»:

Նախարարը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց Երեւանի պետական համալսարանում, որտեղ մասնակցում էր ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահի ընտրությանը: Սարգսյանից բացի, նորաստեղծ այդ խորհրդում ընդգրկված են նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կառավարման խորհրդի նախագահը այսօր, սակայն, ընտրվեց. առաջադրված միակ թեկնածուն՝ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում չստացավ խորհրդի անդամների մեծամասնության կողմ ձայները:

Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը լրագրողներին ասաց, որ հաջորդ ընտրությունները [ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահի] նշանակված են հունվարի 25-ին, եւ Ռադիկ Մարտիրոսյանը իրավունք ունի կրկին առաջադրվելու:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG