Մատչելիության հղումներ

logo-print

Դատական գործը «Դոյչե բանկ»-ի եւ «Դրեզդներ բանկ»-ի դեմ հարուցված է


Հայազգի փաստաբաններ Մարկ Գերագոսը, Բրայան Կաբատեկը եւ Վարդգես Եղիայանը ուրբաթ օրը հայց են ներկայացրել ընդդեմ «Դոյչե բանկ» եւ «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների դեմ՝ պահանջելով վերադարձնել Ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները: Այդ մասին հայտարարվեց նույն օրը Լոս Անջելեսի կենտրոնական փողոցներից մեկում տեղակայված «Դոյչե բանկ» -ի կենտրոնակայանի առջեւ անցկացված բողոքի ցույցի ընթացքում:

Ցույցին, բացի նախկինում ամերիկյան «Նյու Յորք լայֆ» եւ ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունների դեմ գործը շահած փաստաբաններից, մասնակցել են շուրջ 700 ամերիկահայեր:

Նոր մեղադրական հայցում ասված է, որ «Դոյչե բանկ»-ը ֆինանսավորել է Օսմանյան կայսրության կառավարությանը՝ իրականացնելու հայերի զանգվածային ցեղասպանություն՝ որպես փոխհատուցում ստանալով սպանված հայերից թալանված անշարժ եւ շարժական գույքն ու հարստությունը:

«Մենք այստեղ ենք հավաքվել, որպեսզի նրանք [բանկերի ղեկավարությունը] իմանան, որ սա մի քանի հայի կամ փաստաբանների գործը չէ. սա հայ ժողովրդի, [Միացյալ Նահանգների] հայ գաղութի հարցն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բողոքի ցույցին մասնակցող փաստաբան Վարդգես Եղիայանը՝ հավելելով, թե «մեծ խնդիր չկա». - «Մեզ համար հարցը շատ պարզ է: Իրենց համար էլ պարզ է. միայն արխիվների մեջ պետք է մտնեն եւ տեսնեն: Իրավական առումով, Կալիֆորնիայի օրենքն ասում է, որ ժամկետ չկա բանկի դեմ դատ բացելու»:

Նա տեղեկացրեց, որ գործը քննելու ընթացքում փաստաբանները հայտնաբերել են գերմանական բանկերում գումար պահ տված 6 հայերի անուններ: Գերմանական բանկերում գումարներ ունեցած հայերի ժառանգները, ըստ Վարդգես Եղիայանի, պետք է միայն ապացուցեն իրենց արյունակցական կապը Ցեղասպանության զոհերի հետ:

«Երբ շարունակենք այս դատը, բանկից մեզ պետք է տրամադրվեն այդ մարդկանց անունները, որոնք նույնպես կտեղադրվեն ինտերնետում՝ ինչպես եղավ «Նյու Յորք լայֆ» եւ «Աքսա» ապահովագրական ընկերությունների գործով ժառանգների դեպքում», - նշեց փաստաբանը՝ տեղեկացնելով նաեւ, որ «Աքսա»-ի գործով ժառանգների անունների տեղադրումը կսկսվի եկող շաբաթ եւ կտեւի ամիսուկես:

Վարդգես Եզիայանը նաեւ ասաց, որ իրենք չեն սահմանափակվելու գերմանական դրամատների դեմ հայց ներկայացնելով. նախապատրաստվում են 5-6 նոր հայցեր ընդդեմ ֆրանսիական բանկերի, անգլիական ապահովագրական ընկերությունների եւ ավստրիական ֆինանսական ընկերության: Փաստաբանը, սակայն, ձեռնպահ մնաց դրանց կոնկրետ անունները հրապարակելուց:

«Ցեղասպանության ճանաչումը տարբեր ոլորտներ ունի, եւ այդ ճանաչման կողմերից մեկը ֆինանսական արդարությունն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցույցի մասնակիցներից Գլենդեյլի քոլեջի պատմության ամբիոնի պրոֆեսոր Լեւոն Մարաշլյանը:

Իսկ փաստաբան Մարգ Գերագոսը վստահություն հայտնեց, որ իրենք շահելու են դատը: «Ազատություն» ռադիոկայանին հարցին, թե ո՞րն է լինելու «Դոյչե բանկ»-ի հաջորդ քայլը, Գերագոսը պատասխանեց. - «Այն շուտով կգրի բանկային չեկ»:

Շաբաթ օրը, մինչդեռ, «Դոյչե բանկ»-ի խոսնակ Ռոհինի Պրագասաման, ըստ Glendale News Press-ի, հայտարարել է. - «Մենք հրաժարվում ենք տվյալ հայցի հետ կապված որեւէ մեկնաբանություն անել»:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG