Մատչելիության հղումներ

Թուրքիայում մոտ 800 հազար ընտանի թռչուն է ոչնչացվել


Թուրքիայի թռչնագրիպի դեմ պայքարի կառավարական ճգնաժամային կենտրոնը երկուշաբթի հայտնել է, որ Թուրքիայում ոչնչացվել է 764 հազար ընտանի թռչուն: Թռչնագրիպով վարակված է 19 մարդ: Իշխանությունները փորձում են պարզել՝ արդյո՞ք կիրակի օրը Վանում կյանքից հեռացած 12-ամյա աղջկա մահվան պատճառը նույնպես թռչնագրիպն է եղել:

Թուրքիայի 81 նահանգներից 27-ում թռչնագրիպ է հայտնաբերվել: Կանխարգելիչ խիստ միջոցներ են ձեռնարկվում խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում:

Իսկ արաբական հեռուստաընկերությունները այսօր հաղորդել են, որ Արեւելյան Երուսաղեմում գրանցվել է մարդու մոտ թռչնագրիպի առաջին դեպքը՝ նման ախտորոշմամբ հիվանդանոց է հասցվել պաղեստինցի մի դեռահաս:

Միաժամանակ, Ռուսաստանի գյուղակադեմիայի թռչնաբուծության գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարությունը երկուշաբթի հայտարարել է, թե դեղամիջոց է մշակել թռչունների մոտ թռչնագրիպի դեմ պայքարելու համար: Այնուհանդերձ, հաստատության մասնագետները համոզված են, որ գարնանը, երբ սկսվի վայրի թռչունների չուն, թռչնագրիպի դեպքեր կարձանագրվեն նաեւ Ռուսաստանում:

Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG