Մատչելիության հղումներ

Վաֆա Գուլուզադե. «Այժմ բանակցային գործընթացի իմիտացիա է»


Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի օրոք երկար տարիներ նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Վաֆա Գուլուզադեն համոզված է, որ բանակցային գործընթաց ընդհանրապես գոյություն չունի:

«Արտգործնախարարների եւ նախագահների բազմաթիվ հանդիպումներ են եղել տարբեր միջոցառումների շրջանակներում: Գիտեք, եթե իրոք ինչ-որ բան լիներ հիմքում, կողմերը չէին սպասի Մոսկվայում կամ մեկ այլ տեղ կայանալիք միջոցառումներին, այլ պարզապես պատվիրակություններ կուղարկեին բանակցելու», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վաֆա Գուլուզադեն:

«Այժմ բանակցային գործընթացի իմիտացիա է, եւ դրանում, հիմնականում, շահագրգռված են [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահները: Նրանք ոչինչ չեն անում, պարզապես տպավորություն են ստեղծում, թե իբր բանակցային գործընթաց կա», - համոզված է Ադրբեջանի նախկին նախագահի խորհրդականը:

Անդրադառնալով ԵԱՀԿ նոր նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտի վերջին հայտարարություններին, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուրջ հնարավորություններ են ի հայտ եկել, Գուլուզադեն նշեց, թե «դրանք զուտ խոսքեր են». - «Ես հիշում եմ շատ ավելի բարձր մակարդակ, երբ 7-8 տարի առաջ Դենվերում Քլինթոնը, Ելցինը եւ Շիրակը հայտարարեցին, որ հաջորդ՝ 1998 թվականը լինելու է ղարաբաղյան խնդրի կարգավորման տարի, բայց ոչինչ տեղի չունեցավ», - ասաց Վաֆա Գուլուզադեն:

Ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայման հարցին, ապա ըստ Գուլուզադեի, այդ մասին ոչ միայն վաղ է խոսել, այլեւ դա իրատեսական հեռանկար չէ. - «1994 թվականից անցել է ավելի քան 10 տարի, հակամարտության գոտում չկա եւ ոչ մի օտարերկրացի զինվոր, եւ հրադադարը՝ լավ թե վատ, Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են: Պարբերական փոխհրաձգություններ լինում են, բայց դա էլ անխուսափելի է»:

«Կարծում եմ, Հայաստանն ու Ադրբեջանը չեն համաձայնի օտար զորքերի տեղակայմանը: Ինչ վերաբերում է ռուսական զորքերի հնարավոր տեղակայմանը հակամարտության գոտում, ապա մենք դրա համաձայնությունը չենք տա, Ամերիկան էլ չի համաձայնի, որ Ռուսաստանը գա եւ զավթի այդ բոլոր շրջանները», - եզրափակեց Վաֆա Գուլուզադեն:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG