Մատչելիության հղումներ

Բուդապեշտ կմեկնեն ադրբեջանցի լրագրողներ ու հասարակության ներկայացուցիչներ


Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) անդամ Գանիրա Փաշաեւան ANS հեռուստաընկերությանը հայտնել է, որ Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով դեկտեմբերին 15-ին կայացած նիստում «դատարանի ցուցաբերած անարդարացի վերաբերմունքից» հետո Ադրբեջանի որոշ հեռուստաընկերությունների ղեկավարներից, հասարակական կազմակերպությունների եւ Ադրբեջանի մամուլի խորհրդի ներկայացուցչներից կազմված մի մեծ խումբ օրերս այցելելու է Բուդապեշտ:

«Նախատեսված են մի շարք հանդիպումներ: Խմբի անդամները ծանոթանալու են Հունգարիայի իշխանությունների եւ հասարակության ներկայացուցիչների հետ: Հունգարացի փորձագետների խումբը հրավիրվելու է Ադրբեջան», - հայտնել է Փաշաեւան:

Նրա խոսքերով, ադրբեջանական լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները որոշել են «անուղղակի ճնշում գործադրել Հունգարիայի հասարակության վրա»:

«Իրականացվելու է հունգարական լրատվամիջոցների մոնիտորինգ, որը չափազանց կարեւոր է Ադրբեջանի համար», - ասել է Փաշաեւան:

Ըստ ANS-ի, այն բանից հետո, երբ դատարանի նախագահ Բեկշուտ Անդրոշան հրաժարվել էր ընդունել Սաֆարովի գործով երրորդ փորձաքննության արդյունքները, Ադրբեջանում բողոքի ալիք էր բարձրացել, պատրաստվել եւ անգլերենով Բուդապեշտի դատարանի անդամներին եւ հունգարական լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների շուրջ 3 հազար ներկայացուցիչների էր ուղարկվել համապատասխան կոչ:

Հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի գործով դատավարությունը դեկտեմբերի 15-ին կայացած նիստում հետաձգել էր մինչեւ 2006 թվականի մարտի 7-ը:

2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայ սպային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG