Մատչելիության հղումներ

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը չի բարձրանալու: Ըստ նախնական պայմանավորվածության, ապրիլի 1-ից սակագինը կհասնի 110 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը ասաց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ նշելով, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ, քանի դեռ հունվարի վերջին չեն հանդիպել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները:

Վարչապետը վստահեցրեց, որ սակագնի բարձրացումն ամբողջովին սովորական սպառողի հաշվին չի լինելու: «Կառավարությունը միջոցներ կփորձի գտնել՝ եթե ոչ լրիվ փոխհատուցելու, ապա գոնե մեղմելու, որպեսզի ցնցումներ չլինեն: Մի բանում համոզված եմ, էլեկտրաէներգիայի սակագները չբարձրացնելու համար միջոցներ կգտնենք, իսկ գազինը կախված կլինի, թե ինչ թվի շուրջ կպայմանավորվենք, որքան պետությունը հնարավորություն կունենա: Բայց որ կունենա՝ հաստատ: Մենք չենք թողնի բնակչության վրա ամբողջ ծանրության բեռը»,֊ - ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Արդյո՞ք Ռուսաստանից այդ նպատակով վարկ կվերցնի Հայաստանը՝ ստեղծելով մի նոր «Գույք պարտքի դիմաց»-֊ի առիթ: Վարչապետը ժխտեց. - «Մենք Ռուսաստանից վարկ չենք վերցնի: Ուկրաինային առեւտրային վարկ են ուզում տալ: Մենք այդ ցանկությունը չունենք: Եթե ուզենք, կարող ենք շատ ավելի արտոնյալ պայմաններով արեւմուտքից կամ համաշխարհային կազմակերպություններից ստանալ այդ վարկը:
Ճիշտն ասած, ավելորդ ապրանք չունենք, որպեսզի ակտիվներով դա փոխհատուցենք: Եթե ակտիվներով էլ փոխհատուցենք, ընդամենը մեկ տարվա եւ ոչ թե արմատական խնդիր կլուծի»:

Գազի սակագնի բարձրացման խոսակցությունների արդյունքում Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի կամ քաղաքականությունը ռազմավարական գործընկերոջ հանդեպ փոխելու մասին վարչապետը չկամեցավ խոսել. - «Չեմ ուզում այս խնդիրը քաղաքականացնել, վերջնական դիրքորոշումները եւ հստակեցումները կլինեն պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG