Մատչելիության հղումներ

Հայերը պահանջ են ներկայացնում գերմանական դրամատներին


Հայազգի փաստաբաններ Մարկ Գերագոսը, Բրայան Կաբատեկը եւ Վարդգես Եղիայանը Լոս Անջելեսում ուրբաթ ուշ երեկոյան հայց են հարուցելու «Դոյչե բանկ» եւ «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների դեմ՝ պահանջելով վերադարձնել Ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները: Հայցում նշվելու է, որ գերմանական բանկերը մշտապես հրաժարվել են վերադարձնել այն գումարները, որոնք հայերը ի պահ են տվել այդ դրամատներին 1915 թվականի Ցեղասպանությունից առաջ:

Փաստաբանները, որոնց ջանքերով «Նյու Յորք լայֆ» եւ «Աքսա» ապահովագրական ընկերությունները վերջին տարիներին ավելի քան 37 միլիոն դոլար են վերադարձրել Ցեղասպանության զոհերի ժառանգներին, պահանջելու են նաեւ, որ գերմանական բանկերը փոխհատուցեն հայերին պատկանող գումարները, որ Թուրքիայի կառավարությունը բռնագրավել էր Ցեղասպանության ժամանակ: Ամերիկյան ապահովագրական ընկերությունների դեմ հարուցված գործը շահած փաստաբաներն էլ վստահեցնում են, թե այս անգամ էլ իրենց պայքարը հաջողությամբ կպսակվի:

«Գերմանացիները ոչ միայն չեն ցանկանում փոխհատուցել, նույնիսկ չեն ուզում բացահայտել, թե ինչ են արել այն գումարները, որ գողացել են հայերից Ցեղասպանության տարիներին», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց փաստաբան Մարկ Գերագոսը եւ ավելացրեց, - «Գերմանական բանկերում ոչ միայն հայերի ներդրած խոշոր գումարներ են եղել, այլեւ սեյֆեր, ուր պահվել են Ցեղասպանության ժամանակ թուրքերի ու «Դոյչե բանկ»-ի կողմից հայերից թալանված խոշոր գումարներ»:

Ինչ վերաբերում է գերմանացիների մերժմանը եւ հայերի պահանջների պատասխանին, ապա, ըստ Գերագոսի, «զարմանալի է, որ նրանք հրաժարվում են որեւէ բան ասել այդ գումարների մասին, չեն ցանկանում ընդունել որեւէ բան մեր կողմից, չեն ուզում վերադարձնել գումարները»:

Փաստաբան Բրայան Կաբատեկը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ գործը վերաբերում է ոչ միայն «Դոյչե բանկ»-ին, այլեւ «Դրեզդներ բանկ»-ին, սակայն հարուցվում է մեկ գործ, քանի որ վերջինս համարվում է «Դոյչե բանկ»-ի մաս:

Ներկայումս բանկի որդեգրած քաղաքականությունը հետեւյալն է՝ հայտարարում են, որ դա իրենց խնդիրը չէ: «Բայց մենք ունենք փաստաթղթեր, որոնք ապացուցում են բանկում հայկական հաշիվների փաստը», - նշեց փաստաբանը:

«Դատը կավարտվի նրանով, որ մենք հետ կստանանք այդ գումարները», - վստահ է Բրայան Կաբատեկը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG