Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքում խուսափում են խոսել Դալլաքյանի հեռանալու մասին


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքում աշխատում են չխոսել իրենց խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի հնարավոր հեռացման մասին Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն:

«Դաշինքում այդպիսի հարց չի քննարկվել», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասաց պատգամավոր, ՀԺԿ ղեկավար անդամ Գրիգոր Հարությունյանը: - «Նաեւ այն, ինչ ներկայացվում է մամուլում, ես չեմ ուզում միանշանակ ընդունել որպես ճշմարտություն»:

«Համեմայն դեպս, ճանաչելով իմ գործընկերոջը, ես այն կարծիքին եմ, որ եթե որեւէ բան լինի, առաջինը դաշինքում կիմանանք», - ավելացրեց ընդդիմադիր պատգամավորը:

Հաջորդ խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ը նաեւ այսօրվա ընդդիմության տեղերի հաշվին կարող է հայտնվել խորհրդարանում: ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը այս դիտարկմանն ի պատասխան կատակեց. - «Եթե «Բարգավաճ Հայաստան»-ը որոշել է ինքը ընդդիմության դերը կատարի, ես մեծ սիրով այդ դերը կթողնեմ իրեն»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի հավաստմամբ, կոալիցիան այս օրերին բավական նեղսրտած է: Մինչդեռ, Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի կարծիքով, ուղղակի «ապուշություն» են այն տեսակետները, թե մեծամասնության դերակատարությունը փոփոխվելու վտանգը տեսնելով հանրապետականները «Բարգավաճ Հայաստան»-ին համագործակցության առաջարկ են արել:

«Անուղղակի դերակատարություն, կարծում եմ, փողը ունենում է, իհարկե, ընտրությունների ժամանակ: Նույն քարոզչության ժամանակ մեկը կարողանում է ավելի շատ ծախսել, մեկը կարողանում է ավելի քիչ ծախսել: Բայց, եթե փողը դառնում է վճռորոշ, սա իհարկե անընդունելի է: Փողը քաղաքական կատեգորիա չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թորոսյանը:

Իսկ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը նորաստեղծ կուսակցության առնչությամբ ասաց. - «Անձամբ շատ-շատերին ճանաչում եմ, ունեմ մտերմական հարաբերություններ... ընդդիմադիր քաղաքական գործիչներ թե գործարարներ: Եվ եթե նրանք ստեղծեն կուսակցություն, վստահ եմ, որ իրենց դրական գործելակերպը Հայաստանի Հանրապետության տարածքում ավելի կուժեղանա: Ինքս այդպիսի խանդի խնդիրներ չունեմ: Եվ մեր կուսակցությունը՝ եւս»:

Հարցին, թե կանխատեսո՞ւմ է արդյոք, որ «Բարգավաճ Հայաստան»-ի շարքերում նաեւ կոալիցիոն կուսակցությունների անդամներ հայտնվեն, Ալբերտ Բազեյանը պատասխանեց, թե տեղաշարժեր հնարավոր են, սակայն պայքարն առավել շատ ուրիշ ոլորտում է ընթանալու:

«Ցավոք սրտի, մենք կարծես թե գալիս ենք այն իրավիճակին, որ մրցակցությունը գնալու է ոչ թե գաղափարական հայացքների շուրջ, քաղաքական ծրագրերի շուրջ, այլ ավելի շատ ֆինանսական հնարավորությունների շուրջ», -ասաց Բազեյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG