Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ի հարցազրույցում անդրադառնալով ռուսական գազի սակագնի թանկացմանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ասում է. - «Եթե դուք անընդհատ սիլի-բիլի եք անում ՆԱՏՕ-ի հետ, պարզ չէ՞ր, որ այդպես էլ պետք է լիներ: Հո մանկապարտեզ չի՞, որ գան պարզ ասեն՝ Ռոբիկ ջան, էդ բաները մի արա»:

2006 թվականին Թուրքիայից Հայաստան առաջին օդանավը կժամանի հունվարի 17-ին», - տեղեկացնում է նույն թերթը: - «Այս տարի Հայաստանից Թուրքիա չվերթ դեռ չի իրականացվել: Առաջին չվերթը նախատեսվում է հունվարի 15-ին»: Թերթի փոխանցմամբ, հունվարի 10-ին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ որոշվել է Հայաստանի օդային սահմանը Թուրքիայում բռնկված թռչնագրիպի համաճարակի վիրուսից ապահովագրելու համար ստեղծել հակահամաճարակային միջոցառումների անհրաժեշտ պայմաններ: «Զվարթնոց» օդանավակայանում կհերթապահի հակահամաճարակաբանների խումբ, որը հատուկ մեկուսարան կտեղափոխի վարակի առումով կասկածելի ուղեւորներին:

«Հայաստանի Հանրապետության» մատուցամբ, ըստ ամենայնի, «հենց նախագահը, ոչ թե Լարիսա Ալավերդյանն է հոգում, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անտեր չմնա, որովհետեւ, ի վերջո, ինչ-որ մեկը պետք է զբաղվի աշխատակազմով մինչեւ նոր օմբուդսմենի ընտրությունը»: «Ազգ»-ի գնահատմամբ, ակնհայտ է, որ պաշտպանից ազատվելու այս ձեւը իրավական անհարթություն ունի, եւ այդպիսի հրամանագրի հուշարարները անտեսել են այն հանգամանքը, որ այդպիսով նոր հնարավորություն են տալիս ընդդիմությանը` լարվածության նոր առիթ ունենալու»:

«Մինչ Լարիսա Ալավերդյանը հույսեր է փայփայում, թե ընդդիմությունն իր թեկնածությունը կառաջադրի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին իսկ նիստում ու ինքը կվերադառնա իրենից վերցված աշխատասենյակն ու հետ կվերադարձնի իր ծառայողական մեքենան, իշխանություններն արդեն որոշել են, թե ով է զբաղեցնելու նրա պաշտոնը», - գրում է «168 ժամ»-ը: - «Կոալիցիան` Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ, կառաջադրի Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանի թեկնածությունը: Իսկ որ նրան խորհրդարանը ձայների մեծամասնությամբ կընտրի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, կարծում ենք, ոչ մեկը չի կասկածում»:

Ըստ «Հայոց աշխարհ»-ի, կոալիցիայի կուսակցությունները նախընտրում են առայժմ կոնկրետ անուններ չտալ: Թերթում մեջբերված են ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի խոսքերը. - «Մենք կոնկրետ թեկնածություն չենք քննարկել եւ գտնում ենք, որ այդ հարցը կոալիցիայի շրջանակներում պետք է որոշվի»: «Նույն դիրքորոշումն արտահայտեց «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության նախագահ Սամվել Բալասանյանը», - փոխանցում է թերթը՝ հավելելով. - «Մինչդեռ, ըստ լուրերի, ՀՀԿ խմբակցությունը առավել հավանական է համարում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Արմեն Հարությունյանին»:

«168 ժամ»-ի մեկնաբանը, մշակույթի արդեն նախկին նախարարի հետ կապված միջադեպին անդրադառնալով, հասարակության մոտեցումների տեսանկյունից շարադրում է. - «Հասարակությունը սխալ ցնցում ապրեց, որովհետեւ կատարվածի երեսն է տեսնում միայն, բայց ոչ երբեք խորքը: Հասարակությունը չխորացավ, որովհետեւ նրա յուրաքանչյուր անդամ շատ լավ գիտե, որ մի քիչ պաշտոն, կամ մի քիչ զենք ունենալու դեպքում ինքն էլ նույն կերպ էր վարվելու, որ հանկարծ հարեւանները կամ ծանոթները չասեն՝ «էս ինչ տուֆտա նախարար ա, որ սրանց լույսը Նոր տարվա օրով կտրում են»:

«Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով մտավորականության շրջանակներում առաջացած բանավեճին, թե ինչո՞ւ մեր մշակույթի բախտը չի բերում նախարարների հարցում, շարադրում է. - «Ոմանք հակված են դա բացատրել այս կամ այն նախարարի անձնական թերություններով: Օրինակ, ասում են, որ նորմալ մարդը, մտավորականը, պաշտոն ստանալուց մի երկու ամիս հետո մեծամտանում է, «հաբրգում է» եւ իջնում «յարմրկա նայող» մանր օլիգարխի մտավոր ու բարոյական մակարդակի: Շատ դեպքերում դա ճշգրիտ դիտարկում է, բայց չի տալիս առաջադրված հարցի պատասխանը` ինչո՞ւ մշակույթի նախարարությանը ղեկավար չի գալիս»: Խմբագրի կարծիքով, պատասխանը շատ պարզ է. - «Որովհետեւ մեզ այդպիսի նախարարություն պետք չէ»:

«168 ժամ»-ը, անդրադառնալով Տնտեսական դատարանի երեկվա վճռին, որով մերժվեց «Ռոյալ Արմենիա» ընկերության հայցն ընդդեմ մաքսային պետական կոմիտեի, ընդգծում է. - «Սա ոչ մեկի համար անակնկալ չէր: Միգուցե շատերի համար անհասկանալի կլինի, թե ինչու է «Ռոյալ Արմենիան» գլուխ դրել մաքսային պետական կոմիտեի եւ դատարանի հետ, եթե միեւնույն է, ամեն ինչ կանխավ որոշված է... Այն տպավորությունն է, որ ընկերությունը ցանկանում է հասարակությանը ներկայացնել, թե որքան կոռումպացված մարմին է մաքսային պետական կոմիտեն: Եթե նպատակը զուտ սա է, ապա կարելի է ասել, որ դրա անհրաժեշտությունը չկա. հասարակությունը վաղուց ամեն ինչ շատ լավ գիտի»: Իսկ ըստ «Առավոտ»-ի, «Ռոյալ Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Գեւորգ Մինասյանը դատարանի վճռից հետո ասել է, որ բողոքարկելու են այն, մաքսային կոմիտեին «կրակահերթի տակ պահելու դեռ բավականաչափ փամփուշտներ ունեն», շարունակելու են պայքարել մաքսային կոմիտեի «անօրեն գործողությունների դեմ»:

«Հայկական ժամանակ»-ի հայացքով, Հայաստանի պատմության ամենազարմանալի դրվագներից մեկն այն է, որ երկրում աղքատության հաղթահարման առանցքային եւ վճռական քայլերից մեկը համարվում է գյուղական ճանապարհների վերականգնումը: «Օրինակ, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի առյուծի բաժինը հատկացվելու է հենց այս նպատակին՝ հենց այդ հիմնավորմամբ: Իհարկե ակնհայտ է», - գտնում է մեկնաբանը, - «որ գյուղական ճանապարհների վերանորոգումը որեւէ բան աղքատության հաղթահարման իմաստով չի փոխելու, սակայն ՀՀ-ում իշխող վերնախավը լավ գիտի, որ ասֆալտի գործը ամենահարմարն է «ատկատ» կազմակերպելու, այսինքն՝ գործ ցույց տալու եւ փողերը գրպանելու համար»: Թերթի ձեւակերպմամբ՝ տվյալ դեպքում «այդ ծրագրի հեղինակներն ու իրականացնողները հաղթահարում են միայն սեփական աղքատությունը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG