Մատչելիության հղումներ

Կարել դե Գուխտ. «Համաձայնությունը կարող է ձեռք բերվել փետրվարին՝ Քոչարյան - Ալիեւ հանդիպման ժամանակ»


ԵԱՀԿ նոր նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը հայտարարել է, թե երկար տարիների ընթացքում առաջին անգամ նշաններ կան, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

«Կարծում եմ, որ մենք հնարավորության պատուհան ունենք այժմ, քանի որ Ադրբեջանում ընտրություններ են եղել, Հայաստանում էլ անցկացվել է հանրաքվե՝ նոր Սահմանադրության վերաբերյալ: Քաղաքականության մեջ հնարավորության պատուհանները կարեւոր են, եւ մենք մի քանի մայրաքաղաքներից ազդանշաններ ենք ստացել, որ կարող է լուծում ստանալու շանս լինի», - իր առաջին ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ նախագահը:

Կարել դե Գուխտը հայտնեց, որ հունվարի 24-ից 26-ը այցելելու է հակամարտության տարածաշրջան՝ նախապատրաստելու փետրվարին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Բելգիայի արտգործնախարարը հայտարարեց, թե «սկզբունքորեն համաձայնությունը կարող է ձեռք բերվել Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հենց այդ՝ փետրվարյան հանդիպման ժամանակ, իսկ համաձայնագիրը հետո կարող է իրագործվել այս տարի ավելի ուշ»:

ԵԱՀԿ նախագահող երկրի արտգործնախարարը ասաց, թե «համաձայնության ձեռքբերումից հետո ԵԱՀԿ-ն պատրաստ է դիտորդներ կամ խաղաղապահ ուժեր ուղարկել տարածաշրջան»:

«Թե ինչ ուժեր կտեղակայվեն՝ դիտորդներ թե խաղաղապահ ուժեր, պետք է որոշեն կողմերը: Եթե պետությունների ղեկավարները համաձայնության գան, ապա ԵԱՀԿ-ն պետք է կատարի իր պարտավորությունները», - հայտարարեց Կարել դե Գուխտը:

ԵԱՀԿ նախագահը չմանրամասնեց՝ որքա՞ն խաղաղապահ ուժեր կպահանջվեն հակամարտության գոտում տեղակայելու համար, սակայն նշեց, որ «ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու ցանկություն ունեցող երկրներ գտնելը դժվար չի լինի»:

Չորեքշաբթի օրը հեղինակավոր Jane’s հետազոտական խումբը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցը, որում նշվում էր, որ «հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի մեծ մասն ապահովելու է Ռուսաստանը»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG