Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավակնոտ ծրագրեր ունի


Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոչ միայն ակտիվորեն պատրաստվում է 2007-ի խորհրդարանական ընտրություններին, այլեւ նախագահական ընտրությունների համար արդեն ունի իր հնարավոր թեկնածուն:

Կուսակցությունը ֆինանսական բավական լուրջ միջոցներ ունի եւ պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն կազմել Ազգային ժողովում: Այս հանգամանքը, որոշ տեղեկությունների համաձայն, խիստ անհանգստացրել է կոալիցիոն ուժերին եւ, մասնավորապես, ներկայումս մեծամասնություն կազմող Հանրապետականին, ինչի արդյունքում կոալիցիոն ուժերը «Բարգավաճ Հայաստան»-ին համագործակցության առաջարկներն են արել: Սական Ծառուկյանի կուսակցությունը մտադիր է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանց որեւէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու: Առաջարկները, ուստի, չեն ընդունվել:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, արդեն ճշտված են «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակում ընդրկվելիք անձինք. նրանք, հիմնականում, հասարակությանը քաջածանոթ գիտնականներ են, քաղաքական, հասարակական գործիչներ, տնտեսական բնագավառում հայտնի մասնագետներ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, ըստ տեղեկությունների, լինելու է ներկայումս ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:

«Ես կարող եմ ասել, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Դալլաքյանը: - «Ներքաղաքական բավականին հետաքրքիր զարգացումներ տեղի կունենան Հայաստանում 2006 թվականին եւ չեմ բացառում, որ ի հայտ կգան նոր լուրջ քաղաքական ուժեր, որոնք ծանրակշիռ դերակատարություն կունենան Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում»:

Դալլաքյանի համոզմամբ, սկսված տարին աչքի կընկնի թե’ ընդդիմադիր եւ թե’ իշխանական դաշտի անակնկալ եւ հետաքրքիր վերադասավորումներով, որոնց կմասնակցեն նաեւ «չեզոք» քաղաքական ուժերը:

2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո, ըստ Դալլաքյանի, Հանրապետական կուսակցությունը այլեւս մեծամասնություն չի կազմի Ազգային ժողովում:

«Կարծում եմ, որ նոր ուժերի ստեղծման (նկատի ունեմ «Բարգավաճ Հայաստան»-ը), նաեւ գործող ընդդիմության պարագայում, հազիվ թե Հանրապետականը նման ծանրակշիռ ներկայություն ունենա Ազգային ժողովում», - ասաց նա՝ հավելելով. - «Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը հիմնված էր մի շարք սկզբունքների վրա. առաջին սկզբունքը այն էր, որ գործող իշխանություններից եւ կառավարությունից որեւէ անդամ չի կարող լինել համապատասխան ցուցակում: Այս ուժը չի ստեղծվում որեւէ անձի իշխանության բերելու նպատակով»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG