Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչպես հայտնի է, մեզ՝ հայաստանցիներիս, հատուկ չէ ամենօրյա մեթոդական աշխատանքը: Ծույլիկ ուսանողների նման մենք հակված ենք գործի այն ծավալը, որը նախատեսված է, ասենք, երկու շաբաթվա համար, կատարել վերջին 15 րոպեում», - խմբագրականում գրում է «Առավոտ»-ը՝ շեշտադրելով. - «Թռչնագրիպի պարագայում ազգային առանձնահատկությունների նման դրսեւորումները կարող են առնվազն վտանգավոր լինել, քանզի ոչ ոք չգիտի, թե որ օրն է նշանակվել «քննությունը»՝ այսինքն, տվյալ դեպքում, վարակի մուտքը Հայաստան: Իսկ հույսեր փայփայել, որ մեզ «կազատեն քննությունից», այնքան էլ խելամիտ չէ»:

«Քաղաքական նոր սեզոնի գլխավոր դերակատարներից մեկը, որին էլ, դատելով ամենից, վերապահված է հունվարյան խաղաշրջանը բացելու պատիվը, մարդու իրավունքների (նախկին) պաշտպան Լարիսա Ալավերդյանն է», - գրում է «Հայոց աշխարհ»-ը՝ եզրահանգելով. - «Այսպես շարունակվելու դեպքում ամենեւին չենք զարմանա, եթե նախկին պաշտպանը մոտ ապագայում հայտնվի արմատական ճամբարում՝ սուր ճոճելով հանցավոր վարչախմբի դեմ եւ դառնա հունվարի 27-ին նախատեսված հերթական «համազգային» հանրահավաքի գլխավոր քինդերանակնկալը Րաֆֆի Հովհաննիսյանից հետո»: Թերթի մատուցմամբ, տիկին Ալավերդյանը, «որ, թվում է, պետք է պատրաստ լիներ արժանապատվորեն կրելու իր «խաչը», այսինքն` համակերպվելու սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո պաշտպանի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելու հրամայականին, համառորեն կառչել է իր աթոռին եւ, ձեռքը գցած անկատար օրենսդրության փրփուրներին, աջուձախ հարցազրույցներ է տալիս՝ բողոքելով նախագահի «անօրինական» հրամանագրի դեմ: Քանզի այդ «կամայական», «ոչ իրավական» եւ, վերջապես, «ոչ լավագույն» հանգուցալուծման հետեւանքով պաշտպանի ինստիտուտը մնացել է անտեր, քաղաքացիների բազմաթիվ դիմում-բողոքները՝ անարձագանք եւ այդպես շարունակ»: «Սա այն դեպքում», - նշում է «Հայոց աշխարհ»-ը, - «երբ, ինչպես բազմիցս արձանագրվել է, պաշտպանի աշխատակազմը դե ֆակտո որեւէ մեկի մատից փուշ չի հանել... Այնպես որ, աշխարհը հաստատ շուռ չի գա, եթե դիմում-բողոքների պատասխանները մեկ-երկու շաբաթ ուշանան»:

«Առավոտ»-ի թղթակիցը, անդրադառնալով ներկոալիցիոն «ջերմ» զգացումներին, նաեւ նշում է. - «Դրանց ցայտուն դրսեւորումը դաշնակցական մի բարձրաստիճան գործչի անկեղծ խոստովանությունն էր, որը զրույցի ընթացքում ասաց՝ «Եթե հաջորդ նախագահը «Օրինաց երկիր»-ից է լինելու, ես կնախընտրեի, որ իշխանության վերադառնար ՀՀՇ-ն»: «Հաշվի առնելով այն փոխադարձ բուռն զգացումները, որմիմյանց հանդեպ տածում են ՀՀՇ-ն եւ ՀՅԴ-ն` կարելի է եզրակացնել, թե վերջինիս համար որքան «սիրելի» է կոալիցիոն իր գործընկերը», - ներկայացնում է «Առավոտ»-ի թղթակիցը, որի դիտարկմամբ կոալիցիոն 3 ուժերն էլ կնախընտրեին առանձին-առանձին նախապատրաստվել խորհրդարանական ընտրություններին, սակայն Ռոբերտ Քոչարյանը գրեթե ստիպողաբար պարտադրում է նրանց մնալ իրար կողքի մինչեւ 2007-ի մայիսը եւ այս պայմաններում կոալիցիային մնում է ընդամենը պայմանավորվել համակեցության կանոնների շուրջ»:

«Կարծում եմ, պիտի փորձենք ապահովել կոալիցիայի գործունեությունը մինչեւ 2007 թվականը, որովհետեւ հուշագրով երեք ուժերն էլ պատասխանատվություն են ստանձնել: Ճանապարհի կեսից այլ որոշումների ընդունումը հազիվ թե ճիշտ ընկալվի ժողովրդի կողմից», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում պնդում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նշելով, թե սահմանադրական փոփոխություններից հետո Մարդու իրավունքների պաշտպանին եւ արդարադատության խորհրդում երկու գիտնական-իրավաբաններին նշանակում է Ազգային ժողովը՝ Սահակյանը ընդգծում է. - «Եթե կոալիցիան խորհրդանարում մեծամասնության է կազմում, բնական է, որ այդ պաշտոնների համար թեկնածուները առաջին հերթին պիտի ընդունելի լինեն կոալիցիայի համար... Փորձում ենք պայմանավորվածության հանգել թեկնածությունների շուրջ: Դա ցանկալի է, որպեսզի երեք շաբաթից սկսվող Ազգային ժողովի հերթական նստաշրջանում կոալիցիան իսկապես այս հարցում լինի միասնական եւ հակասություններ չառաջանան»: Իսկ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Մարդու իրավունքների պաշտպանի՝ իշխանության թեկնածուի հարցը կարծես թե լուծվում է. - «Իշխանության նախընտրելին արդեն նախկին պաշտպանի նախկին տեղակալ Ռաֆիկ Մխիթարյանն է, որի ընտրության դեպքում իշխանություններին սյուրպրիզներ չեն սպասվի»:

Անդրադառնալով 2006-ին սկզբին առկա իրողություններին՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը «Առավոտ»-ում նկատում է. - «Ակնհայտ է, որ կոալիցիան է պատասխանատու այսօրվա իրավիճակի համար... եւ նրանց համախմբել է այս րոպեի, այս տարիների շահը: Այդ պատճառով էլ նրանք կաշխատեն պահպանել այսօրվա իրավիճակը, բայց յուրաքանչյուրն առանձին ունի իր նկրտումները`ավելի մեծ դերակատարություն ունենալ իշխանության մեջ»:

«Յուրաքանչյուր հայաստանցի ամեն օր բախվում է գրեթե համլետյան երկընտրանքի հետ. նվաստանա՞լ, թե նվաստացնել», - բանաձեւում է «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը՝ տարբեր դրսեւորումների շարքում պատկերելով. - «Իհարկե, երբ քո տանը Ամանորի երեկոյան հոսանք չկա, քեզ արդեն նվաստացրել են, բայց դու պետք է հասկանաս, որ կարող են ավելի նվաստացնել, ինչպես տեղի ունեցավ Հովիկ Հովեյանի հետ: Վերջինիս սխալը այն է, որ նրան թվացել է, որ եթե ինքը նվաստանում է Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Բաղդասարյանի, Անդրանիկ Մարգարյանի եւ մյուս բոսերի առաջ, նշանակում է էլցանցի աշխատողներին նվաստացնելու իրավունք եւ հնարավորություն ունի... Բայց տարօրինակն այն է, որ որեւէ մեկը հարց չի տալիս. իսկ ինչո՞ւ պետք է ամանորյա տոներին Երեւանի Մաշտոցի 58 եւ մյուս շենքերը հոսանքազրկված լինեն: Ի՞նչ է, Հայաստանի էլեկտրական ցանցերի խնդիրը միայն փողեր լափելն ու ալկաշություն անե՞լն է: Այդ հիմնարկը ներկայացնող որեւէ մեկը ներողություն խնդրե՞լ է հանրությունից ամանորյա խայտառակ էլեկտրամատակարարման համար»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG