Մատչելիության հղումներ

«Գերազանց» ստանալու հին ու նոր մեթոդներ բուհերում


Բուհերում արդեն սկսված քննաշրջանում շարունակում են գործել ավանդական մեթոդները, որոնցից ժամանակին օգտվել են նաեւ այսօրվա դասախոսները. արտագրում են ծնկներին, սեղանի դարակում, հագուստի ծալքերում ու գրպաններում պահված հուշաթերթից: Իսկ դասախոսի ուշադրությունը շեղելու համար նրան հետաքրքիր ամսագիր են առաջարկում, կամ հարցեր են տալիս՝ մինչեւ մյուսներն արտագրեն:

Շուշան Դոյդոյանը, ով ԵՊՀ֊-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի խիստ ու օրինապաշտ դասախոսներից է համարվում, արտագրել է միայն մեկ անգամ՝ պետական քննությանը: Այսօր նա ուսանողների հայացքից կռահում է, թե ով է արտագրում, ով գիտի առարկան, եւ ով է փորձում տեղում հորինել:

«Ուսանողներին մի պահ պետք է ազատություն տալ: Դուրս եմ գալիս լսարանից մի քանի րոպեով ու վերադառնալով՝ հանգիստ գտնում եմ արտագրողներին», - ասում է կիրառական անալիզի ամբիոնի դոցենտ Ռաֆիկ Խաչատրյանը, ով, ինչպես ինքն է ասում, հայտնի է որպես լավ «բռնող»:

Անգամ լավ «բռնող»-ները, սակայն, չեն կարող երեւակայել ուսանողների հորինած նորագույն մեթոդները:

«Բոլոր խնդիրների լուծումները գրում եմ ժապավենաձեւ թղթի վրա ու տեղադրում եմ լուսանկարչական ժապավենի գլանաձեւ տուփի մեջ: Հետո թղթի ծայրից քաշելով՝ հերթով կարդում եմ լուծումները»,- ասում է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Նարեկը: Նրա ընկերը գերադասում է բոլոր դասերը ձայնագրել ձայնասկավառակի վրա ու քննության ընթացքում ականջակալներով լսել. պետք է միայն մեծ գլխարկ դնել ու վերարկուն բարձրացնել, որ գաղտնիքը չբացվի:

Այսքան ջանք թափելու փոխարեն, հաստատ ավելի հեշտ ու ապահով է քննությանը պատրաստվելը. ձայնարկիչը, ի վերջո, վերջին պահին հանկարծ կարող է եւ չաշխատել:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG