Մատչելիության հղումներ

logo-print

Jane's Information Group. «Երկու ղեկավարները դեռ երբեք այսքան մոտ չեն եղել վերջնական փոխզիջման»


Jane's Information Group հեղինակավոր հետազոտական կենտրոնի վերլուծաբանները պնդում են, որ Հայաստանը այժմ հակված է ընդունել ղարաբաղյան հակամարտության փուլային տարբերակը, որը ենթադրում է Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրսբերում եւ ադրբեջանցի փախստականների վերադարձ՝ մինչեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը:

Միեւնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների, Ադրբեջանը վերջապես ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանրաքվեով որոշելու գաղափարը: Ավելին՝ հույս կա, որ տնտեսական համագործակցությունը եւ տրանսպորտային ու հեռահաղորդակցության ենթակառուցվածքների վերագործարկումը թույլ կտան բարելավել Բաքվի ու Երեւանի հարաբերությունները: Jane's-ի տվյալներով, դրանից հետո հակամարտության գոտում տեղակայվելու են միջազգային խաղաղապահ ուժեր՝ «ապահովելու քաղաքացիական բնակչության անվտանգությունը»:

«Նախագահներից ոչ մեկը չի հրապարակել խաղաղ համաձայնագրի մանրամասները, սակայն տեղական եւ միջազգային դիտորդները համոզված են, որ երկու ղեկավարները դեռ երբեք այսքան մոտ չեն եղել վերջնական փոխզիջման», - նշում են կենտրոնի վերլուծաբանները:

Ըստ Jane's-ի, խաղաղ համաձայնագիրը կպահանջի ավելի մեծ զիջումներ, եւ երկու կառավարությունները պետք է հաղթահարեն կասկածները, ինչպես նաեւ՝ հասնեն այն բանին, որ հասարակական կարծիքը կենտրոնանա ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների վրա:

«Թերահավատները համոզված են, որ Ալիեւը եւ Քոչարյանը այն պետական գործիչները չեն, ովքեր ունակ են խաղաղ պայմանագիրը ստորագրել», - նշում են կենտրոնի վերլուծաբանները եւ ավելացնում. - «Շատ բան կախված կլինի տարածաշրջանի տերություններից: Նախկինում նրանց բախվող շահերը քիչ հավանական էին դարձնում խաղաղ համաձայնագրի ստորագրումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG