Մատչելիության հղումներ

«Ազգային միաբանություն»-ը ունի օմբուդսմենի իր թեկնածուն


«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունն այսօր որոշեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում երաշխավորել «Գերագույն Խորհուրդ - պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ, ներկայումս անկուսակցական Ռուբեն Թորոսյանին, որը ժամանակին ղեկավարել է նաեւ «Մարդու իրավունքներ 96-98» հասարակական կազմակերպությունների միավորումը:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ որոշման հիմքում «Թորոսյանի հետեւողական եւ անշահախնդիր իրավապաշտպան գործունեությունն է անցած տասը տարիներին»:

Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածություն առաջադրելու համար նախաձեռնությունը պետք է պաշտպանի առնվազն 27 պատգամավոր, ուստի յոթ պատգամավոր ունեցող «Ազգային միաբանություն» խմբակցությունը նախաձեռնությանը միանալու համար առաջինը կդիմի «Արդարություն» խմբակցությանը:

Գեղամյանի կարծիքով, կա նաեւ պատգամավորների որոշակի թիվ ոչ ընդդիմադիր խմբակցություններում, որոնք նույնպես կարող է եւ միանան նման նախաձեռնությանը. - «Սա կլինի փորձաքար, թե որքանո՞վ են քաղաքական ուժերն իրոք կարեւորում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որքանով են ձեւեր թափում», - ասաց պարոն Գեղամյանը՝ ավելացնելով, որ նախկին դաշնակցական Ռուբեն Թորոսյանը շարունակաբար պայքարել է ժամանակին արգելված կուսակցության անդամների իրավունքների համար:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը երկուշաբթի «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ դաշինքը պաշտպանելու է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG