Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան. «ՄԱԿ-ը կարող է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար առաքելություն իրականացնել»


ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ ղարաբաղյան խնդրի շուրջ քաղաքական համաձայնագրի ստորագրումից հետո ՄԱԿ-ը կարող է հակամարտության գոտում խաղաղարար առաքելություն իրականացնել:

«Այս խնդիրը քննարկման առարկա կդառնա, երբ կողմերը համաձայնության գան: Առայժմ այս հարցը նախնական ուսումնասիրության փուլում է», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Արմեն Մարտիրոսյանը եւ ավելացրեց, - «Հայաստանի դիրքորոշումը այդ տեսակետից բավական ճկուն է: Մենք չենք բացառում, որ ՄԱԿ-ը իր կարեւորագույն խոսքը եւ անելիքը ունի այս ուղղությամբ նաեւ»:

Անցած տարվա ընթացքում Ադրբեջանը երկու անգամ փորձեց ղարաբաղյան հարցը մտցնել Գլխավոր ասամբլեայի օրակարգ. փորձերից եւ ոչ մեկը հաջողությամբ չպսակվեց, սակայն հատկանշական է, որ երկրոդ անգամ Ադրբեջանի առաջարկին կողմ քվերարկեցին Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան:

Արմեն Մարտիրոսյանը այս քայլը բացատրում է ՄԱԿ-ում ընդունված քաղաքականությամբ. անդամ պետություններից մեծ մասի համոզմամբ՝ յուրաքանչյուր երկիր պետք է սեփական մտահոգությունները աշխարհասփյուռ հանրությանը ներկայացնելու հնարավորություն ունենա. - «Սակայն դա դեռ չի նշանակում, որ եթե հարցը մտներ օրակարգ, նույն պետութունները դրական կարձագանքեին Ադրբեջանի պահանջներին», - վստահեցնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

«Այստեղ ՄԱԿ-ի բյուրոկրատական, քաղաքական ավանդույթների տարբերություն կար: Իրենք ասացին, որ նույնիսկ երբ հակառակորդ երկրներն են հարց մտցրել ՄԱԿ-ի օրակարգ, Միացյալ Նահանգները երբեք դեմ չի քվեարկել», - ասում է Արմեն Մարտիրոսյանը:

Ժամանակակից աշխարհի ամենագլոբալ կազմակերպությունը, ըստ նրա, այժմ իր գործունեության ամենահետաքրքիր ժամանակահատվածն է ապրում: Օրակարգում են նոր մարմիններ՝ խաղարարարական հանձնաժողով ու մարդու իրավունքների խորհուրդ ձեւավորելու հարցերը, անվտագության խորհուրդը բարեփոխելու ծրագրերը, ինչպես նաեւ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը: Այս տարի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-ամյա տարեդարձի ավարտին, լրանում է Քոֆի Անանի պաշտոնավարման ժամկետը:

«Հայաստանը, ճիշտ է, չունի սեփական թեկնածու, սակայն այդ կարեւոր հարցում ունի ձայնի իրավունք եւ անպայման կօգտագործի դա», - եզրափակեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG