Մատչելիության հղումներ

Իշխանությունները փորձում են կանխել Թուրքիայից թռչնագրիպի տարածումը Հայաստան


Թռչնագրիպի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման եւ կոորդինացման շտաբը գործում է դեռեւս նոյեմբերից: Հայաստանի պաշտոնական աղբյուրների պնդմամբ, մինչ օրս, նաեւ Թուրքիայում թռչնագրիպի հայտնաբերման դեպքից հետո Հայաստանում թռչնագրիպի դեպքեր չեն արձանագրվել:

«Ես պարտավոր եմ հայտնել, որ թռչնագրիպ Հայաստանում չկա, տվյալ ինֆենկցիան մեր երկրում բացակայում է: Սակայն, մեր հարեւան պետություններում ստեղծված իրավիճակի հետեւանքով Հայաստանը հայտնվել է բարձր ռիսկանության գոտում», - «Ազատություն» ռադիոկայանին հայտարարեց յուղնախարարության անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիգորի Բաղյանը եւ ավելացրեց. - «Սա նշանակում է, որ վաղը մյուս օրը կամ մի ժամ հետո չի բացառվում, որ [թռչնագրիպ] կարող է լինել»:

Առավել ռիսկային է համարվում Թուրքիային սահմանակից Արարատի մարզը: Այստեղ ինչպես եւ Հայաստանի բոլոր սահմանամերձ գյուղերում, ըստ պարոն Բաղյանի իրականացվում են համապատասխան միջոցառուոմներ՝ դադարեցվել է հանրապետությու թռչնամթերքի ներմուծումը, Հայաստան մտնող բոլոր ավտեշոմեքենաները՝ մարդատար թե բեռնատար, ախտահանվում են: Կիրակի օրվանից հատուկ խստացված ստուգման են ենթարկվում Թուրքիայից ժամանող բոլոր անձինք:

«Երեկվանից հանձնարական ենք տվել՝ քաղաքացիների ճամպրուկները զգոն նայել, որպեսզի Թուրքիայից հավի նույնիսկ մեկ փետուր կամ ձու չտեղափոխվի Հայաստան», - հայտնեց Գրիգորի Բաղյանը՝ ավելացնելով, թե բոլոր գյուղերի եւ մարզերի անասնաբույժները զգուշացված են, որ թռչունների զանգվածային անկման եւ կամ այլ խնդիրների դեպքում անմիջապես զեկույց ներկայացվի Երեւան: Արգելված է վայրի թռչունների որսը»:

Իսկ մինչ այդ, տասնյակ հավեր են սատկել Արարատի մարզի Ոսկետապ գյուղում, սակայն տեղացիների ասերլով, հավերը սատկել են ոչ թե թռչնագրիպից, այլ սովորական հիվանդությունից, որը հաճախ կրկնվում է 6 ամիսը կամ տարին մեկ: Տեղացիները այդ հիվանդությանը ասում են «հավի չոմալա»:

Ոսկետապի բնակիչ Նվարդ Աբրահամյանի խոսքերով, իրենց հավերի մեծ մասը սատկել է. - «Անասնաբուժը հետազոտեց, ախտորոշեց, որ հավերը սատկել են տարածված այլ հիվանդությունից: Մյուս հավերին էլ պատվաստեց եւ ասաց, որ եթե պատվաստումից հետո վիրուսը անցած լինի՝ կսատկեն անմիջապես, եթե դրանից հետո 24 ժամվա ընթացքում չսատկեն՝ վտանգ չկա»:

«Մեր հավերից 12-ը սատկել են, բայց դեռ մի քանիսը ունենք ու մտածում ենք՝ վերացնենք, թե սպասենք եւ տեսնենք, թե ինչ է լինում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նվարդ Աբրահամյանը:

Արարատի մարզի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ մի քանի գյուղերում ընդհանուր մտահոգություն կա թռչնագիպի վերաբերյալ: Արաքսի ափամերձ Լուսառատ գյուղի ավագանու անդամ Վազգեն Խաճիկյանի խոսքերով, «եթե թռչնագիպի նույնիսկ մեկ դեպք գրանցվի՝ պարզ է, որ ընտանի կենդանիների կոտորած է լինելու». - «Նախկինում եղել են չոմալայի դեպքեր, բայց մարդիկ նկատել եւ բուժել են: Բայց հիմա էդ թռչնագրիպը մեր տարածքում ինչ-որ չի երեւում», - ասաց նա:

Հարեւան Խոր Վիրապ գյուղի բնակիչ Գեղամ Արշակյանի խոսքերով, ընդհանրապես քարոզչություն չի տարվել, թե նման դեպքերում գյուղացին ինչպես պետք է վարվի. - «Ագիտացիան չի եղել, որ, ասենք, միսը չօգտագործենք կամ հավին ձեռք չտանք: Ինչ հեռուստացույցով տեսանք՝ տեսանք, ինչ չէ՝ չէ»:


Աննա Սաղաբալյան եւ Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG