Մատչելիության հղումներ

Մհեր Շահգելդյան. «Մշակույթի նոր նախարարի անունը պարզ կդառնա արդեն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին»


Կիրակի օրը Ռոբերտ Քոչարյանի մոտ գումարվել էր կոալիցիայի խորհրդի այս տարվա առաջին նիստը, որտեղ, կոալիցիոն երեք կուսակցությունների պնդմամբ, մշակույթի նախարարի թափուր մնացած պաշտոնի հնարավոր թեկնածուների հարց չի քննարկվել: Սակայն, այդ հանդիպումից հետո արդեն իսկ հստակ է, որ «Օրինաց երկիր»-ը կոալիցիոն հուշագրով 2003-ից իրեն բաժին հասած մշակույթի եւ երիտասարդության նախարարի պորտֆելը ոչ մեկին չի զիջի:

«Նման քննարկում տեղի չի ունեցել: Այսօր փոփոխություններ չեն նախատեսվում», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Մեր տեղեկություններով, նախօրեին քննարկում, այնուամենայնիվ, եղել է այս թեմայի շուրջ, եւ «Օրինաց Երկիր»-ն էլ պորտֆելը զիջելու դիմաց մարզպետի, հատկապես՝ Լոռու մարզպետի պաշտոն է պահանջել, որը հանրապետականներին է: Իսկ նախընտրական այս տարում մարզպետի պաշտոն զիջելը ՀՀԿ-ին դուր չի եկել եւ, ի վերջո, կրկին «Օրինաց երկրի»-ն է վերապահվել մշակույթի նախարարի պաշտնում նշանակում կատարելը:

Մհեր Շահգելդյանի հավաստմամբ, նոր նախարարի անունը պարզ կդառնա արդեն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Իսկ ԱԺ-ում ՕԵ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի հավաստմամբ, իրենք արդեն 10-ից ավելի թեկնածուների անուներ են քննարկում:

«Շատ թեկնածուներ ունենք, «Օրինաց երկիր»-ը կադրեր, հատկապես՝ մշակութային ոլորտում գործունեություն ծավալած մարդ շատ ունի: Քննարկումների փուլում կստանանք այնպիսի մի թեկնածու, ով, անհրաժեշտ է, որ նաեւ ընդունելի լինի Հայաստանի մշակույթի գործիչների կողմից», - համոզմունք հայտնեց Սամվել Բալասյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները այսօր թեկնածուների անուններ չեն տալիս, սակայն շրջանառության մեջ մի քանի հիմնական թեկանծուների անուններ, այնուամենայնիվ պտտվում են: Օրինակ, խոսվում է Ավետիք Իսահակյանի թոռան՝ Ավիկ Իսահակյանի մասին, ով Գրողների միության քարտուղարը լինելուց բացի՝ նաեւ «ՕԵ»-ի անդամ է: Շոշափվում է Հարություն Գրիգորյանի անունը, ով թեեւ կուսակցական չէ, սակայն 60-ամյակը կուսակցության ջանքերով է նշել: Հնչում են նաեւ ռեժիսյոր Նիկոլայ Ծատուրյանի եւ Հայաստանի նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի անունները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վիգեն Սարգսյանը ասաց, թե «իրեն այդպիսի պաշտոն չի առաջարկվել, եվ առաջիկայում էլ նման բան չի լինի, քանի որ դա կուսակցական պաշտոն է, իսկ ինքը «Օրինաց երկիր» կուսակցության հետ որեւէ առնչություն չունի»:

Իսկ Մշակույթի արդեն նախկին նախարար Հովիկ Հովեյանին կուսակցությունում մտադիր չեն անդամությունից զրկել. - «Պարոն Հովեյանը կուսակցական է, եւ որքան էլ մարդկային տեսանկյունից արարքը հասկանալի էր՝ որդու հարցն էր, սակայն քաղաքական տեսանկյունից «Օինաց երկիր» կուսակցության դիրքորոշումը միանշանակ է, եւ սա նայեւ դառնում է մշակույթ՝ այս միջադեպը ընդունելի չէ», - նշեց կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որ կարծում է, թե առաջակ լինելու դեպքում իրենց կուսակցությունը ցանկացած նախարարի թեկնածու կարող է առաջադրել եվ պատասխանատվություն տանել, կարծում է,որ «ՕԵ»-ի պահվածքը ստեղծված իրավիճակից հետո ողջունելի էր:

«Հովեյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ մտավորական է եւ կարող է նաեւ որոշակի խնդիրներ առաջանալու դեպքում իր մեջ ուժ գտնել եւ հրաժարական տալ: Սա տղամարդկային գործոն է արդեն», - համոզված է Սահակյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը նաեւ տեղեկացրեց, թե նախարարի հետ կապված միջադեպի մանրամասները պարզելու համար քրեական գործ արդեն հարուցվել է:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնաճյուղերից մեկում հունվարի 4-ին տեղի ունեցած միջադեպին իր մասնակցությունը երկու օր հերքելուց հետո Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը հինգշաբթի երեկոյան հայտարարել էր իր հրաժարականի մասին:

«Չկամենալով տեղի տալ ավելորդ շահարկումների իմ կուսակցության, կառավարության գործընկերներիս նկատմամբ եւ հաշվի առնելով այն, որ այդպիսի շահարկումների փորձեր արդեն իսկ կատարվել են, ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին», - «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Հովիկ Հովեյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG