Մատչելիության հղումներ

Բաքվում լույս տեսնող «Զերկալոն» հաղորդում է, որ հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով հունվարի 17-ին Հունգարիայի Բուդապեշտում կայանալիք նոր դատական նիստում նրա պաշտպանելու է հունգարացի նոր փաստաբան: Այդ մասին հաղորդել է Սաֆարովի ընտանիքի շահերը ներկայացնող ադրբեջանցի փաստաբան Ադիլ Իսմայլովը:

Դեկտեմբերին Բուդապեշտի իրավապահ մարմինները նոր քրեական գործ են հարուցել Ռամիլ Սաֆարովի դեմ. պատճառը մեկուսարանի աշխատակիցների հետ ադրբեջանցի սպայի կոնֆլիկտն է:

Անցած տարեւերջին Ադիլ Իսմայլովը «Զերկալո»-ին նաեւ հայտնել էր, թե Բուդապեշտի դատարանում Ռամիլ Սաֆարովի դատավճիռը հրապարակելուց հետո հնարավոր կլինի նրան տեղափոխել Ադրբեջան, որտեղ նա կշարունակի կրել պատիժը:

Փաստաբանի խոսքերով, այդ հնարավորությունն ընձեռում է 1983 թվականի մարտի 21-ի Եվրոպական կոնվենցիան, որի համաձայն, կոնվենցիայի անդամ երկրի քաղաքացին կոնվենցիայի անդամ մեկ այլ երկրի տարածքում հանցագործություն կատարելու դեպքում կարող է պատիժը կրելու համար փոխանցվել իր երկրին:

«Ե’վ Ադրբեջանը, ե’ւ Հունգարիան տվյալ կոնվենցիայի անդամներ են: Դատավճռի հրապարակումից հետո մենք այդ հարցը կարծարծենք Բուդապեշտի դատարանում: Եթե Հունգարիայի իշխանությունները հարգանք դրսեւորեն միջազգային օրենքների նկատմամբ, Ռամիլ Սաֆարովին հնարավոր կլինի փոխանցել Ադրբեջանին», - ասել էր փաստաբան Իսմայլովը:

Հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի գործով դատավարությունը դեկտեմբերի 15-ին կայացած նիստում հետաձգել էր մինչեւ 2006 թվականի մարտի 7-ը:

2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայ սպային:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG