Մատչելիության հղումներ

Թռչնագրիպը հասել է Անկարա


Թուրքիայում հեռուստատեսության եւ ռադիոյի բոլոր լրատվական հաղորդումները սկսվում եւ ավարտվում են մեկ թեմայով՝ թռշնագրիպով: Գրանցվել է 5 նոր դեպք՝ 2-ը Հայաստանի հետ սահմանամերձ Իգդիր նահանգում եւ 3-ը մայրաքաղաք Անկարայում:

Անկարայի նահանգապետ Քեմալ Օնանը կիրակի երեկոյան «Անատոլիա» գործակալությունը հայտնել է, որ թռչնագրիպի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 3 հիվանդ՝ 5 եւ 2 տարեկան երեխաներ եւ 60-ամյա մի տղամարդ: Երեխաները շփումներ են ունեցել սատկած թռչունների հետ, սակայն նրանց ծնողների մոտ թռչնագրիպ չի հայտնաբերվել:

Օրերս Թուրքիայի արեւելքում՝ Վան քաղաքի հիվանդանոցում մի ընտանիքում 3 երեխա է մահացել է: Երեխաների հայրը՝ Զեքի Քոչիջիթը, ասել է, թե «ոչ-ոք տեղեկություն չի ունեցել թռչնագրիպի մասին»: Նա նաեւ նշել է, որ Թուրքիայում ընդունված է մորթել հիվանդ թռչուններին ու դրանց մսից կերակուր պատրաստել:

Ստամբուլում Թուրքիայի բժիշկների միության նախագահ Գենսայ Գուրսոյը կիրակի հայտարարել է, թե «վարակի տարածումը [Թուրքիայի] արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջաններում անխուսափելի է»:

«Այդ շրջաններում մարդիկ ամեն օր շփում ունեն կենդանիների եւ թռչունների հետ, դրանք այդ մարդկանց կենցաղի մի մասն են: Թռչուններին այնտեղ հաճախ հենց տներում են պահում, եւ վարակը հեշտությամբ կարող է կենդանուց փոխանցվել մարդուն», - նշել է Գուրսոյը:

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն երեկ ռուսաստանցիներին հորդորել է չայցելել Թուրքիա, եւ ասել է, որ «մասնագետները հետեւում են Թուրքիայի հարեւան երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում դեպքերի զարգացմանը»:

Հայաստանի պատկան ծառայությունները վստահեցնում են, որ հանրապետությունը պատրաստ է դիմագրավել վտանգը եւ այսօրվա դրությամբ Հայաստանում թռչնագրիպ չի գրանցվել:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Հայաստանի պետական անասնաբուժական տեսչության պետ Գրիշա Բաղյանը կիրակի հայտնել է, որ «կանխարգելիչ միջոցառումների համար պետբյուջեից կհատկացվի շուրջ 50 միլիոն դրամ: Ձեռք է բերվել եւ դեռ էլի կգնվի անհրաժեշտ վակցինա»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG