Մատչելիության հղումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնաճյուղերից մեկում չորեքշաբթի տեղի ունեցած միջադեպին իր մասնակցությունը երկու օր հերքելուց հետո Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը հինգշաբթի երեկոյան հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Չկամենալով տեղի տալ ավելորդ շահարկումների իմ կուսակցության, կառավարության գործընկերներիս նկատմամբ եւ հաշվի առնելով այն, որ այդպիսի շահարկումների փորձեր արդեն իսկ կատարվել են, ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին», - «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովիկ Հովեյանը:

Միջադեպի կապակցությամբ Հովեյանը, ով մինչ այդ պնդում էր, թե վատառողջ էր ու գտնվում էր հիվանդանոցում, պարզաբանեց. - «Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 4-ը Մաշտոցի 38 շենքը, որի բնակիչն եմ ես, պարբերական եւ տեւական հոսանքազրկումների մեջ է եղել: Բազմաթիվ բնակիչների խնդրանքով, որոնց մեջ կան նաեւ հիվանդներ, մանկահասակ երեխաներ, զանգահարել, դիմել ենք տեղամաս: Մեր զանգերից հետո հարցը չի կարգավորվել: Նույնիսկ հնչել են կոպիտ պատասխաններ: Խնդրին լուծում տալու համար շենքի բնակիչներից մի քանիսը վերջնականապես որոշել են այցելել տեղամաս: Նրանց հետ՝ նաեւ իմ որդին: Ավելորդ միջադեպերից խուսափելու համար, չնայած անկողնային վիճակիս, ես եւս միացել եմ այդ խմբին: Ավելի ուշ ներս մտնելով՝ ականատես եմ եղել քաշքշուկի. մեկ տասնյակից ավելի մարդ հարձակվել են մի քանի բնակչի, նաեւ որդուս վրա: Ի՞նչ կարող է անել քաղաքացին, հայրը նման դեպքում: Որպես հայր, որպես քաղաքացի միջամտել եմ, փորձել եմ կանխել, խաղաղեցնել իրավիճակը: Կարծում եմ, նման իրավիճակում, որը զուտ կենցաղային բնույթ էր կրում, յուրաքանչյուր հայր, հայ մարդ եւ քաղաքացի իրապես այլ կերպ չէր էլ կարող վարվել»:

Այսօր ավելի վաղ, երբ նախարարը դեռեւս հերքում էր իր մասնակցությունը միջադեպին, Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ նախարարը իսկապես մասնակցություն էր ունեցել երեկվա միջադեպին:

«Հայաստանի Հանրապետություն մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանի մասնակցությամբ իսկապես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Հարավ» մասնաճյուղի ինժեներադիսպետչերական հանգույցի վարչական շենքում տեղի է ունեցել միջադեպ: Հանգամանքները ճշտվում են եւ նյութեր են նախապատրաստվում», - ասել էր Շիրինյանը՝ առանց մանրամասներ հաղորդելու:

Իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Մարգարիտա Գրիգորյանը միջադեպի վերաբերյալ փոխանցել էր հետեւյալը. - «Նախ զանգ է եղել դիսպետչերական ծառայություն, թե՝ ինչու է հոսանքազրկվել: Դիսպետչերը պատասխանել է, որ լաբորատորիան գնացել է տեղում ստուգելու, թե ինչ է տեղի ունեցել, որպեսզի միացնեն: Հոսանքազրկումը այդ փողոցում տեւել է ամենաշատը 15-20 րոպե»:

Նախարարն ու իր որդին, Գրիգորյանի հավաստմամբ, եւս 3-4 հոգու ուղեկցությամբ են եղել: Կրակոցներ չեն եղել, սակայն «հաշիվ է պահանջվել» հոսանքազրկման վերաբերյալ. - «Մեր աշխատակիցների նկատմամբ ուժ է գործադրվել: Աշխատակիցներից 2-ը տուժել են, որովհետեւ ատրճանակի խզակոթով հարվածել են նրանց: Նրանք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց առողջական վիճակը հիմա ավելի կայուն է, կրիտիկական պահը անցել է»:

Տուժողները դատաբժշկի ուղեգիր են ստացել:

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին անանուն մնալ ցանկացած աղբյուրը տեղեկացրեց, որ նախարարը միջադեպից անմիջապես հետո հարցաքննվել է ոստիկանության Կենտրոն համայնքի բաժնում:

Թե’ ոստիկանությունում եւ թե’ «Հայէլցանցեր»-ում հրաժարվում են ասել տուժողների անունները: Չի ասվում նաեւ, թե որ հիվանդանոցում են նրանք օգնություն ստացել:

Միջադեպի հետ կապված քրեական գործ հարուցված չէ, այս պահի դրությամբ ընդամենը նյութեր են նախապատրաստվում դատախազություն ուղարկելու համար:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG