Մատչելիության հղումներ

Թորդա Էբոթ-Ուոթը ավարտեց դիվանագիտական առաքելությունը Հայաստանում


«Սա շատ տխուր օր է ինձ համար, որովհետեւ սա իմ վերջին աշխատանքային օրն է այս դեսպանատանը», - հինգշաբթի օրը հրավիրած հրաժեշտի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թորդա Էբոթ-Ուոթը:

Հայաստանում 3 տարի աշխատած դեսպանը այստեղ իրականացված ծրագրերից առանձնացրեց մարզային զարգացման ծրագիրը Տավուշում եւ Գեղարքունիքում՝ բրիտանական կառավարության տարեկան մոտ 5 միլիոն դոլարի աջակցության շրջանակներում:

«Ես նաեւ շատ գոհ եմ, որ այս երեք տարվա ընթացքում մենք ակտիվացրել ենք քաղաքական երկխոսությունը՝ ե’ւ երկկողմ, ե’ւ Եվրամիության շրջականերում» - ասաց Էբոթ-Ուոթը:

Պատասխանելով Հայաստանում ժողովրդավարացմանը վերաբերող հարցին, դեսպանը ասաց, որ դժվար է դրսից դատել Հայաստանի ներքին գործընթացների մասին՝ այդուհանդերձ ընդհանուր առմամբ ողջունելի համարելով Հայաստանի մոտեցումը Եվրոպային եւ եվրոպական չափանիշներին:

Խոսելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, Էբոթ-Ուոթը ասաց, որ կիսում է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի լավատեսությունը, թե այդ հարցում հնարավորությունների պատուհան է բացվում:

«Կողմերը կարող են հասնել թեկուզ ժամանակավոր լուծման, որ կարող է շուտով սահմանների բացման հնարավորություն տալ: Սա մի բան է, որ պետք է շատ ողջունելի լինի, քանի որ, ես կարծում եմ, որ Հայաստանը չի կարող իրագործել իր ողջ ներուժը փակ սահմաններով», - ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ օգնություն կարող է ցույց տալ Մեծ Բրիտանիան՝ որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի հետ սահմանի վերաբացման առնչությամբ, տիկին Էբոթ-Ուոթը պատասխանեց. - «Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության գործընթացի մի մասը ներառում է ակնկալիքը, որ նոր անդամը չպետք է միանա Եվրամիութանը՝ տարաձայնություններ ունենալով հարեւանների հետ»:

Դեսպան Էբոթ-Ուոթի ամենահայտնի եւ աղմուկ բարձրացրած հայտարարություններից մեկը վերաբերվում էր Հայոց ցեղասպանության խնդրին. նա 2004 թվականին հայտարարել էր, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չէին՝ հարուցելով զայրույթ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Հարցին, թե արդյո՞ք իր պաշտոնավարման ավարտին էլ նույն կարծիքին է, Էբոթ-Ուոթը պատասխանեց. -
«Ես կարծում եմ, որ մեր կառավարության տեսակետը այս հարցի վերաբերյալ լավ հայտնի է: Ես գիտեմ, որ այս թեման ցավագին է ընկալվում Հայաստանի իմ ընկերների կողմից, եւ այդ պաճառով հարկ չեմ համարում կրկնել այդ պնդումը»:

«Մեծ Բրիտանիան առաջին երկրներից էր, որ հաղորդեց 1915-1918 թվականների իրադարձությունների մասին եւ շարունակում է դատապարտել այն դաժանությունները, որ տեղի ուենցան: Նաեւ շարունակում է հայտնել իր ցավակցությունները զոհերի հետնորդներին», - ավելացրեց նա: - «Այդ պատճառով իմ դեսպան եղած բոլոր տարիներին, ես գնացել եմ Ծիծեռնակաբերդ եւ ակնկալում եմ, որ ինձ հաջորդողն էլ այդպես կանի»:

Թորդա Էբոթ-Ուոթին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում կփոխարինի 59 ամյա Թոնի Քարթոնը, ով մինչեւ անցյալ տարի Միացյալ Թագավորության դեսպանն էր Պարագվայում:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG