Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից աղքատության նպաստի նվազագույն շեմը կհասցվի 7 հազար դրամի


Այսօրվա որոշումներով կառավարությունը կոնկրետացրեց պետական բյուջեից աղքատ ընտանիքներին եւ սոցիալապես կարիքավոր բնակչության մյուս կատեգորիաներին տրվող նպաստների չափերը։ Եկող տարվա հունվարի 1-ից ընտանեկան նպաստի նվազագույն շեմը 6000-ից բարձրացվում է 7000 դրամի, իսկ միջին նպաստը դառնում է մոտավորապես 15 հազար դրամ։

Կառավարության նիստից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արծվի Մինասյանը ասաց, որ աղքատության ընտանեկան նպաստներին հավելումներ կլինեն՝ կախված ընտանիքում երեխաների թվից, ինչպես նաեւ բարձր լեռնային բնակավայրի բնակիչ լինելու հանգամանքներից։ Բացի դա, աղքատության ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքներում երեխա ծնվելու դեպքում նպաստի չափը ներկայիս 35 հազար դրամից դառնում է 70 հազար, երեխաների առաջին դասարան գնալու դեպքում տրվում է նպաստ՝ 20 հազար դրամ, նման ընտանիքի անդամներից մեկի մահվան դեպքում՝ 25 հազար դրամ։ Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը սահմանվել է 2300 դրամ:

Ըստ Մինասյանի, եկող տարի նպաստների համակարգին պետական բյուջեից ընդհանուր առմամբ 4 միլիարդ դրամով ավելի կհատկացվի, քան հակացվել է ավարտվող տարվա ընթացքում։ Ներկայումս հանրապետության 129 հազար ընտանիքներ աղքատության նպաստառուներ են։ Այս թիվը եկող տարի որոշակի փոփոխություններ չի կրի, չնայած աղքատության նպաստի համակարգում ընդգրկված որոշ ընտանիքներ, որոնք ստվերային եկամուտներ ունեն, դուրս կբերվեն նպաստառուների ցուցակից: Դրանց փոխարեն կներառվեն նոր ընտանիքներ: Կբարելավվի նաեւ եկամուտների հաշվառման համակարգը:

«Դա կնպաստի հասցեականության մեծացմանը», - ասաց Մինասյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG