Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի երեկոյան հերթական անգամ խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: Նրա խոսքերով, հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել միայն այն դեպքում, եթե Հայաստանը հետեւի միջազգային օրենքների նորմերին:

«Դժվար է ասել՝ արդյո՞ք հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծում կստանա 2006 թվականին: Եթե Հայաստանը հայտնի միջազգային օրենսդրությանը հավատարիմ լինելու պատրաստակամություն՝ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն», - ըստ «Ինտերֆաքս»-ի, Բաքվում ասել է նախագահ Ալիեւը:

Ալիեւն ընդգծել է, որ Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը»:

Մինչդեռ, ըստ Բաքվի «Էխո» թերթի, չորեքշաբթի օրը Ղարաբաղի թեման արծարծել է նաեւ ընդդիմությունը: «Ազադլիգ» դաշինքի մասը կազմող «Միլլի Իստիգլալ» կուսակցության նախագահ Ալի Ալիեւը հայտարարել է, թե ընդդիմությունը պատրաստել է փաստաթուղթ, որում գնահատական է տրվել ավարտվող տարվա կարեւորագույն քաղաքական զարգացումներին: Փաստաթուղթն այժմ խմբագրվում է եւ մոտ ապագայում կներկայացվի հանրությանը:

Փաստաթղթում անդրադարձ կլինի անցած խորհրդարանական ընտրությունների, մարդու իրավունքների, կոռուպցիայի, ինչպես նաեւ Ղարաբաղի խնդիրներին:

Ալի Ալիեւի խոսքերով, ընդդիմությանը խիստ անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս վիճակը. - «Բոլորս գիտենք, որ հիմնահարցը քննարկվում է բարձր մակարդակում, սակայն 2005-ին ոչ մի առաջխաղացում չի եղել: Համաձայն մեր ունեցած ինֆորմացիայի, կողմերը կարող են կարգավորել խնդիրն այն բանից հետո, երբ օկուպացված տարածքներում տեղակայվեն խաղաղապահ ուժեր եւ անցկացվի հանրաքվե»:

«Թող ոչ ոք չմտածի, թե ընդդիմությունը միայն իր համար է աշխատում: Ղարաբաղի խնդիրը մեզ համար միշտ առաջնային է եղել: Մենք ցանկանում ենք հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, սակայն չենք կարող մասնակցել բանակցային գործընթացին, քանզի այն դռնփակ է», - ասել է «Միլլի Իստիգլալ»-ի նախագահ Ալի Ալիեւը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG