Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության օրակարգում է


Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության օրակարգում հաջորդ տարի լինելու է աջակցությունը Կովկասում ժողովրդավարության զարգացման գործընթացին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը նպաստելը:

«Մենք պիտի ավարտենք աշխատանքը Բալկաններում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում, պետք է նպաստենք ժողովրդավարության տարածմանը եւ բռնությունների ճնշմանը Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում», - օրերս հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսը եւ մանրամասնել. - «Պետք է քաջալերենք ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը անդամակցել ցանկացող Վրաստանին եւ Ուկրաինային, առաջ տանենք բարեփոխումները Կովկասում եւ հասնենք ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը»:

Նրա խոսքերով, 2006 թվականին Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության առաջնահերթություններից մեկը լինելու է ազատության եւ ժողովրդավարության հետագա տարածումը Ռուսաստանում, Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում:

Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, թե պետքարտուղարության օրակարգն ունենալու է եւս 2 հիմնական ուղղություն՝ ՆԱՏՕ-ի հետ գործակցության ընդարձակումը եւ աշխարհի ցանկացած տարածաշրջանի հետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում:

Խոսելով այս տարի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ոլորտում արձանագրված հաջողությունների մասին, Նիկոլաս Բերնսը առանձնացրել է Ուկրաինան, որտեղ ԱՄՆ-ը «դուռ է բացել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ ժողովրդավար, անվտանգ ու ազատ գործակցության համար, Վրաստանը, որտեղ «կամուրջներ են հաստատվել Թբիլիսիի, Մոսկվայի եւ Վրաստանի այլ տարածքների միջեւ», ինչպես նաեւ Բելառուսը, որտեղ «Միացյալ Նահանգները շարունակում է միասնական պայքարը Եվրոպայի վերջին բռնապետի դեմ»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG