Մատչելիության հղումներ

Վրաստանը չի բացառել գազատարի վաճառքը «Գազպրոմ»-ին


Վրաստանի կառավարությունը չի բացառել, որ կարող է «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերությանը վաճառել Վրաստանի տարածքով անցնող գլխավոր գազատարը, որով գազ է մատակարարվում նաեւ Հայաստանին:

Վրաստանի Էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ անցած շաբաթ Թբիլիսիում կայացած բանակցությունների ընթացքում «Գազպրոմ»-ի ներկայացուցիչը վերահաստատել է գազատարը գնելու ցանկությունը:

«Մենք կտրականապես «ոչ» չենք ասել», - նշել է նախարարը:

«Հարցը կարող է լուծվել, եթե մեզ երաշխիքներ տրվեն, որ 25 տարվա ընթացքում «Գազպրոմ»-ը Վրաստանին գազ կմատակարարի զեղչ սակագներով, եթե մեր տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան առաքվող գազի մի մասը թողնվի մեզ եւ եթե երաշխավորվի, որ գործարքի խախտման դեպքում գազատարը կվերադարձվի վրացական կողմին», - ասել է Նիկա Գիլաուրին:

Միաժամանակ Վրաստանում «Գազպրոմ»-ի ներկայացուցչության ղեկավար Դավիթ Մորչիլաձեն հայտնել է, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակում վրացական կողմը «Գազպրոմ»-ին կներկայացնի գլխավոր գազատարի մասնավորեցման պայմանները:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ի վկայությամբ, վրացական կողմը նախկինում բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ վաճառել գլխավոր գազատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG