Մատչելիության հղումներ

Հետաքննություն Թուրքիայում՝ Եվրախորհրդարանի պատգամավորի նկատմամբ


Թուրքիայի զինված ուժերին վիրավորանք հասցնելու համար երկրի դատախազները հետաքննությունն են սկսել Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցերով հանձնաժողովի նախագահ, հոլանդացի պատգամավոր Յոսթ Յագենդիյկի նկատմամբ:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, ազգայնամոլ իրավաբանները անցյալ շաբաթ հետաքննություն սկսելու կոչ էին արել այն բանի համար, որ Յագենդիյկը թուրք լրագրողներին ասել էր, թե «թուրքական զինված ուժերը սադրում են բախումներ ինքնավարության ձգտող քուրդ անջատողականների հետ»։

Դատախազները Յագենդիյկի գործի հետաքննությունը սկսել էին դեկտեմբերի 21-ին, սակայն այդ մասին որեւէ տեղեկություն չէին հաղորդել մինչեւ երեքշաբթի: Հետաքննությունը, սակայն, չի նշանակում, թե Եվրախորհրդարանում Հոլանդիայի Կանաչների միությունը ներկայացնող պատգամավորը անպայման դատապարտվելու է:

Թուրքական օրենքները զինված ուժերին վիրավորանք հասցնելու համար երկու տարվա ազատազրկում են նախատեսում։ Թուրքիայի դատախազները ներկայումս քննում են՝ արդյո՞ք աշխարհահռչակ գրող եւ հրապարակախոս Օրհան Փամուկի դատավարությանը որպես դիտորդ մասնակցած Յոսթ Յագենդիյկի մեկնաբանությունները կարող են որակվել որպես միջամտություն Թուրքիայի դատական ատյանների գործունեությանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG