Մատչելիության հղումներ

logo-print

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործակցության գործողությունների ծրագիրը՝ ուժի մեջ


Դեկտեմբերի 16-ից ուժի մեջ է մտել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործակցության գործողությունների ծրագիրը (IPAP): Փաստաթղթի քաղաքական մասում, ըստ ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանի, ներկայացված է եվրոպական կառույցների հետ Հայաստանի հարաբերությունների շրջանակը:

«Փաստաթղթում կարեւորվում է Հայաստանի զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը, այդ մեխանիզմների ամրապնդումը, անհրաժեշտության դեպքում նաեւ նոր մեխանիզմների ստեղծումը: Արծարծվում է նաեւ հասարակական տարբեր կառույցների կողմից պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի վերահսկողության մեխանիզմների ստեղծումը եւ կիրառումը», - «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում նշեց հյուսիսատլանտյան դաշինքում Հայաստանի դեսպանը:

Դեսպան Մկրտչյանի խոսքով, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում առավել կարեւոր է փաստաթղթի պաշտպանական բարեփոխումների հատվածը. - «Տարբեր քննարկումների արդյունքում գնահատվել է բավական խորը եւ ընդգրկուն հատված, համագործակցության ոլորտ, որը Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն պետք է իրականացնեն համատեղ ջանքերով»:

Սամվել Մկրտչյանը նաեւ նշեց, որ արտակարգ իրավիճակների կառավարման, գիտության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բլոկերը նույնպես Անհատական գործակցության գործողությունների ծրագրի առանցքային հատվածներից են. - «Ունենք հանրային դիվանագիտության ոլորտում համագործակցության նպատակներ, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմնի հետ համագործակցություն»:

ՆԱՏՕ-ի միջոցներից Հայաստանը կարող է օգտագործել «վստահության հիմնադրամները», որոնք ձեւավորվում են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մուծումների հաշվին: Ժամանակին այդ միջոցները հիմնականում ուղղվել են ժամկետանց եւ չօգտագործվող սպառազինությունների ոչնչացմանը, իսկ ներկայումս առկա է միտում, որպեսզի միջոցներն օգտագործվեն պաշտպանական ոլորտի բարեփոխումների արդյունքում առաջացած սոցիալական հետեւանքները հաղթահարելու նպատակով:

ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործակցության գործողությունների ծրագիրը նախատեսված է կյանքի կոչել առաջիկա 2 տարվա ընթացքում. - «Դրանից հետո ինչպիսի՞ քաղաքական որոշում կկայացնի Հայաստանի ղեկավարությունը, եւ ՆԱՏՕ-ն ի՞նչ տրամադրվածություն եւ պատրաստակամություն կունենա այդ հարաբերությունները զարգացնելու՝ մենք արդեն ընթացքում կորոշենք», - ասաց Սամվել Մկրտչյանը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG