Մատչելիության հղումներ

Թուրք մտավորականները դիմել են կառավարությանը


Մի քանի տասնյակ թուրք գրողներ, դերասաններ, լրագրողներ եւ գիտնականներ երկուշաբթի կոչ են արել Թուրքիայի կառավարությանը՝ դադարեցնել խոսքի ազատության սահմանափակումները, որոնք հանգեցրել են, մասնավորապես, աշխարհահռչակ գրող եւ հրապարակախոս Օրհան Փամուկի դեմ դատական գործի հարուցմանը:

«Անատոլիա» գործակալությունը հաղորդում է, թե 169 մտավորականների ստորագրած հռչակագրում նշվում է, թե Փամուկի դատավարությունը, որը Եվրամիության կողմից դիտվում է որպես խոսքի ազատությանը Թուրքիայի հավատարմությունը երեւակող լակմուսի թուղթ, «մահացու հարված է Թուրքիայի ժողովրդավարական գործընթացներին»:

Հռչակագիրը ստորագրածների թվում է նաեւ Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկը, ով անցած հոկտեմբերին պայմանականորեն դատապարտվել էր Թուրքիայի Քրեական օրենսգրքի նույն 301 հոդվածի քննադատության համար: Ըստ դատավճռի՝ «հայազգի լրագրողը չի ազատազրկվի, եթե չկրկնի արածը»:

Օրհան Փամուկը մեղադրվում է «թուրք ժողովրդին եւ Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու» մեջ: Այս տարվա փետրվարին շվեյցարական թերթերից մեկի հարցազրույցում Փամուկը հայտարարել էր, որ Թուրքիայում 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ է սպանվել:

Դեկտեմբերի 16-ին Փամուկի գործով դատավարությունը հետաձգվել է մինչեւ 2006 թվականի փետրվարի 7-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG