Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը առաջիկայում կստուգի «գրավյալ տարածքներում ադրբեջանական հուշարձանների վիճակը»


Ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրոպայի խորհրդի պատվիրակությունն առաջիկայում կայցելի «գրավյալ տարածքներ՝ ադրբեջանական հուշարձանների վիճակը ստուգելու նպատակով»:

Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի մշակույթի նախարար Փոլադ Բյուլ-Բյուլ 0ղլին պաշտոնական ուղերձով դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին եւ նրանից ստացել է դրական պատասխան, որի համաձայն, Եվրոպայի խորհուրդը ցանկացած պահին կարող է այցելել նշված տարածքները:

«Ազերի Պրես» գործակալությունը հաղորդել է, թե «գրավյալ տարածքներում հուշարձաններով զբաղվող հատուկ հանձնաժողովը, որը նախագահում է արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը, մշակույթի նախարարությանը, պատմաբաններին, հնեաբաններին եւ գրավյալ տարածքների ղեկավարներին (խոսքը, հավանաբար, ադրբեջանցի «ղեկավարների» մասին է) հանձնարարել է հավաքել «այդ տարածքներում ադրբեջանական հուշարձանների մասին նյութեր եւ լուսանկարներ, որոնք կփոխանցվեն Եվրոպայի խորհրդին»:

«Շուշիի շրջանի ղեկավար» Նիզամի Բահմանովը պնդում է, թե «միայն Շուշիի շրջանում կա 378 պատմական հուշարձան»:

«Ռեգնում»-ը նշում է, որ այս տարվա փետրվարին Եվրոպայի խորհուրդը «գրավյալ տարածքներում» անցկացրել է մոնիտորինգ, որի նպատակն էր պարզել, թե արդյո՞ք հայկական իշխանությունների կողմից այդ տարածքներում իրագործվում է վերաբնակեցման քաղաքականություն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG