Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 23-ը դեկտեմբերի)

Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «Հայոց աշխարհ»-ում կարծիք է հայտնում. - «Ընդդիմությունը նախագահական ընտրություններում չի միավորվի մեկ հիմնական թեկնածուի շուրջ։ Շատ մեծ են բոլոր ընդդիմադիր լիդերների հավակնությունները։ Իշխանության թեւում էլ կարող են լինել տարբեր դեմքեր։ Բայց, իմ կարծիքով, հիմնական թեկնածու պիտի լինի այնպիսի մարդ, որն իր կենսագրությամբ առնչություն ունի Ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Միաժամանակ ունի պետական եւ քաղաքական գործունեության լուրջ փորձ։ Կրկնում եմ՝ սա իմ անձնական կարծիքն է, բայց ես իբրեւ այդպիսի թեկնածու տեսնում եմ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին»:

«Ազգային ժողովի մեր աղբյուրի պնդմամբ, մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ», - գրում է «168 ժամ»-ը: - «Նրանք կարծիքներ են փոխանակել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ եւ իշխանական ու ընդդիմադիր դաշտերում հնարավոր վերադասավորումների վերաբերյալ»: Թերթի աղբյուրի հավաստմամբ, Արթուր Բաղդասարյանը առաջարկել է համագործակցություն հաստատել կուսակցությունների միջեւ:

Նույն թերթը գրում է. - «Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, «Գրանդ հոլդինգ» ընկերության ղեկավար Հրանտ Վարդանյանը օրերս դիմել է Հանրապետական կուսակցության վերնախավի մի ներկայացուցչի՝ խնդրելով իրեն ընդգրկել կուսակցության համամասնական ցուցակում: Սակայն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ խորհրդակցելուց հետո Հրանտ Վարդանյանին մերժել են՝ ասելով, որ դա անհնարին է»:

Մեկ ամիս լուրեր են պտտվում քաղաքական նոր ուժի ձեւավորման մասին: «Ազգ»-ը փորձել է ճշտել հավաստի աղբյուրներից, թե ինչ նոր քաղաքական ձեւաչափի փոփոխություններ են սպասվում նախընտրական տարում: «Մեկ տարի առաջ գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնված է չորս կարեւոր սկզբունքների վրա՝ օլիգարխների կուսակցություն չի լինելու, այնտեղ չեն լինելու իշխանությունների եւ կառավարության ներկայացուցիչներ, այլ ընդգրկվելու են բացառապես պրոֆեսիոնալ եւ ժողովրդի հարգանքը վայելող հեղինակավոր անձինք, եւ որ ամենակարեւորն է՝ այս ուժը մինչեւ ընտրություններ որեւէ քաղաքական ուժի հետ դաշինք չի կազմելու... Եթե նրան հաջողվի 2007 թվականին խորհրդարանական ընտրությունների արդյունքում լուրջ դերակատարություն ունենալ ԱԺ-ում, դրանով էլ կկանխորոշվեն 2008 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները եւ Հայաստանի 2007-2010 թվականների քաղաքական զարգացումներն ու միտումները»:

«Կոալիցիան նման է ամուսնության, որտեղ կողմերը գիշերը տուն են գնում, սակայն օրվա մնացած մասը զբաղված են միմյանց դավաճանելու «սուրբ» գործով», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Եվ եթե մինչ այս պոպուլիզմի սանդղակը զբաղեցնում էր «Օրինաց երկիր»-ը, ապա Հանրապետականների համագումարի անհամեստության խոստումից, ինչպես նաեւ Դաշնակցության վերջին հանդիսությունից հետո ակնհայտ դարձավ, որ նրանք այդ գործը անելու են բոլորիս աչքի առաջ եւ երեք տարի շարունակ: Հիշենք, որ առայժմ Հանրապետականը ունի «բրենդ» դառնալու հնարավորություն: Կոալիցիայում ամենածանրը Դաշնակցության վիճակն է, քանզի ծեր է՝ 115 տարեկան, եւ այլեւս տեր չունի. նրա նախկին «պատրոն», սեփական կուսակից ընկեր Ռոբերտը սերը գցել է Գագիկ Ծառուկյանի խիստ երիտասարդ, նույնիսկ չծնված կուսակցության վրա եւ այլեւս ժամանակ ու ղահլա չունի «հարյուրամյայով» զբաղվելու»:

«Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Ալբերտ Ղազարյանը դեկտեմբերի 19-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ պահանջելով, որ վերջինս պատասխանատվության ենթարկի հրապարակախոս Զորի Բալայանին անցյալ տարվա դեկտեմբերին հրատարակված «Ղարաբաղյան Ազատագրական պատերազմ. 1988-1994» հանրագիտարանի կազմման ընթացքում թույլ տված չարաշահումների համար», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ղարաբաղի քաղաքացին համարում է, որ հանրագիտարանի գիտախմբագրական խորհրդի նախագահ Զորի Բալայանի քրեածին գործողությունների, մասնավորապես պաշտոնական դիրքը չարաշահելով՝ պետական միջոցներով հրատարակվել է մի գիրք, որը աղավաղում է 1988-ի փետրվարյան շարժման շատ ու շատ իրադարձություններն ու հերոսներին»: Թերթը նաեւ կոնկրետ օրինակ է բերում նշված հանրագիտարանից. - «Զորի Բալայանն իր կենսագրությանը գրքում հատկացրել է 124 տող, իսկ, ասենք, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին՝ 24 տող, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին՝ 20 տող»:

«Ռոսիյսկայա գազետա»-ն հրապարակել է վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները. ինչպես եւ սպասվում էր, տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել նախագահ Վլադիմիր Պուտինը: Ընդ որում՝ եթե անցած տարի նրան թիվ մեկ գործիչ էր անվանել ռուսաստանցիների 26 տոկոսը, ապա այս տարի՝ 28 տոկոսը, այսինքն՝ Պուտինի վարկանիշը տարեցտարի ոչ միայն չի նվազում, այլեւ աճում է: Երկրորդ տեղում է Վլադիմիր Ժիրինովսկին, այնուհետեւ՝ Սերգեյ Շոյգուն, Գենադի Զյուգանովը, Սերգեյ Իվանովը, Յուրի Լուժկովը, եւ Դմիտրի Ռոգոզինը: Արվեստի, մշակույթի եւ գիտության բնագավառում այս էլ որերորդ անգամ տարվա մարդ է ճանաչվել Նիկիտա Միխալկովը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG