Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով Գեորգի Պետրոսյանը նշանակվել է ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնում:

«Մեդիամաքս» գործակալության փոխանցմամբ, մինչ այդ 53-ամյա Գեորգի Պետրոսյանը զբաղեցնում էր ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնը, որտեղ նրան կփոխարինի արդեն նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Արկադի Ղուկասյանը Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունում այսօր հայտարարել է, որ ներկայիս քաղաքական իրավիճակը ստիպել է իրեն վերանայել մեկ տարվա վաղեմության որոշումը, երբ ԼՂՀ արտգործնախարար էր նշանակվել Արման Մելիքյանը, ով իր պարտականությունները կատարում էր Երեւանում:

Արկադի Ղուկասյանը նաեւ չի բացառել, որ հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղը ներգրավվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում եւ նշել է, որ «առանց ԼՂՀ մասնակցության խնդրի լուծումն անհնար է»:

ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնում Գեորգի Պետրոսյանի՝ իբրեւ իրենց կուսակցի, նշանակումը արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում ողջունում են հատկապես Ղարաբաղի դաշնակցականները: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Դաշնակցության Լեռնային Ղարաբաղի կառույցի ղեկավար Արթուր Մոսիյանը նշեց, թե Պետրոսյանի լիազորությունները, պայմանավորված նրա քաղաքական գործունեությանմբ, նաեւ այն հանգամանքով, որ նա անվտանգության խորհրդի անդամ էր, սառեցված են եղել:

«Նշանակումը Դաշնակցության հետ որեւէ կապ չունի», - ասաց Մոսիյանը: - «Ուրիշ հարց է, որ մենք ողջունում ենք այդ նշանակումը, որովհետեւ Գեորգի Պետրոսյանը այն մարդկանցից է, որ քաջատեղյակ է ղարաբաղյան խնդրին, ղարաբաղյան հարցի պատմությանը»:

Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի նոր պաշտոնավարությունն ամենեւին չի նշանակում, թե Ղարաբաղը որդեգրած քաղաքական կուրսից շեղում է ապագայում պատրաստվում արձանագրել:

«Ընտրությունները արդեն անցել են, եւ ամեն դեպքում Ղարաբաղի ներքաղաքական կյանքում շատ ավելի կարեւոր եւ առանցքային ուղղություն է ներքաղաքական համախմբվածությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ղուլյանը՝ նույնպես շեշտադրելով Պետրոսյանի անձնական հատկանիշները:

Ղարաբաղի քաղաքական ներկապնակում ամենավատատեսը խորհրդարանական ընտրություններից առաջ Դաշնակցության հետ դաշինք կազմած «Դաշինք 88» կուսակցության ներկայացուցիչ Գեղամ Բաղդասարյանն է:

«2006 թվականին սպասվում են մի շարք կարեւորագույն գործընթացներ ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման հարցում, եւ Գեորգի Պետրոսյանի նշանակումը այս առումով մի քանի նպատակներ է հետապնդում», - ասաց Բաղդասարյանը՝ շարունակելով. - «Վարկածներից մեկը քավության նոխազի տարբերակն է, որ, ասենք, ոչ այնքան ցանկալի քայլերի պարագայում, նոր արտգործնախարարը իր վրա կվերցնի պատասխանատվությունը՝ թեթեւացնելով իշխանությունների, մասնավորապես ԼՂՀ նախագահի բեռը»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG