Մատչելիության հղումներ

Արդեն հայտնի են Հայաստանի ականապատ տարածքները


Ականների վնասազերծման համար մինչեւ 2004 թվականը չէին արվել լայնածավալ հետազոտություններ, այսինքն՝ հայտնի չէր, թե որ տարածքներն էին ականապատված: Այժմ արդեն նման հետազոտություն կա եւ դրա արդյունքներն այսօր ամփոփեցին հետազոտության հեղինակները՝ Եվրոպական միությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հետազոտություններ են իրականացվել Հայաստանի հինգ մարզերում՝ Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում եւ Սյունիքում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ակապատված են հիմնականում Ադրբեջանին սահմանակից տարածքները՝ հիմնականում Սյունիքի ու Տավուշի մարզերում:

Ականները գտնվում են հիմնականում բերքատու եւ անմշակ հողերում, արոտավայրերում, անտառներում եւ ճանապարհների մոտ: Այսինքն հենց այնտեղ, որտեղ մարզերի բնակիչները գործունեություն են ծավալում:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Ալեքսանդր Ավանեսովի խոսքերով՝ ականապատված տարածքների հայտնաբերումն ու վնասազերծումը կնպաստի, որ այդ տարածքները նույնպես օգտագործվեն:

Ծրագիրը շարունակվելու է նաեւ 2006 թվականին:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG