Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները քննադատում են իշխանություններին


Մաեստրո Օհան Դուրյանը եւ աշխարհի նախկին չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը այն 70 մտավորականներից են, ովքեր ստորագրել են Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը:

Օհան Դուրյանի գտնում է, որ այդ 21 հարցերը իզուր չեն տրված, քանի որ Հայաստանում այսօր մի վիճակ է ստեղծվել, երբ «իշխանությունը պահելու միակ ձեւը սուտն է ու խաբեությունը»:

«Մեր Հայաստանի պետության կրոնը կեղծիքն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց մաեստրոն: - «Ասում են՝ պետք է մենք գնանք դեպի ժողովրդավարությունը, բայց իրենց արածը բոլորովին ժողովրդավարության հակառակ բանն է... Ստախոսություն է սա, խաբեբայություն է, կեղծիք է...»:

«Ես ոչ մեկին դեմ չեմ, ես դեմ եմ այս երեւույթներին», - շարունակեց Օհան Դուրյանը՝ հավելելով այդուհանդերձ, որ ստեղծված վիճակի համար հիմնականում պատասխանատու է երկրի նախագահը:

Մաեստրոն այս օրերին նոր երաժշտություն էր գրում. - «Իմ կյանքի վերջին պահերն ու վերջին ցանկություններ եմ գրի առնում: Ես չպիտի ուզենայի գնալ հողի տակը, մինչեւ չտեսնեմ, որ հայ ժողովուրդը ազատվեց ստախոսությունից, խարդախությունից, կաշառակերությունից: Եթե ես գնացի եւ այդ բոլորը մնացին, ես դժբախտ կլինեմ անգամ գերեզմանիս մեջ»:

«Ստախոսությունից ու չիրականացվող խոստումներից հոգնել է» նաեւ աշխարհի նախկին չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, ով նույնպես ստորագրել է Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի տակ:

Հակոբխոկյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը պարտավոր է պատասխանել նամակում շարադրված հարցերին:

«Ես ենթադրում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող մարդ, եթե իրեն հարց տալիս են, նա պետք է պատասխանի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Անվանի մարզիկն ասաց, որ ինքը ոչ մեկին դեմ չէ, պարզապես «երկրի նախագահը չպետք է խոստումներ տա իր ժողովրդին եւ հետո խաբի»:

Աշխարհի նախկին չեմպիոնը փոխանցեց, որ 1998 թվականին ինքը քվեարկել էր Ռոբերտ Քոչարյանի օգտին, նույնիսկ իր բարեկամներին ու ընկերներին էր համոզել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր «լուծել ազգի խնդիրները», բայց մինչեւ հիմա չի լուծել:

«Այ դա է ինձ տանջում... Եթե ասում են հարյուր հատ բան ու դրանից գոնե մի տոկոսը չես անում, դրանից ես էլ ինձ վիրավորված եմ զգում, որ իմ հայերի մեջ կան ասածին տեր չկանգնողներ», - ասաց Իսրայել Հակոբկոխյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG