Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում առաջին անգամ կներկայացվի Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերան


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը զարմանում է, որ Վերդիի այս գործը քիչ կատարվողներից է:

«Շատ զարմանում են, որ այս օպերան բավարար հայտնի չէ, պարզապես հանճարեղ երաժշտություն ունի, պատմությունն էլ շատ հերաքրքիր է: Հայաստանի համար սա լիարժեք նորություն է, առաջին կատարումն է մեզ մոտ», - ասում է նա:

Հայաստանում «Սիմոն Բոկանեգրա»-ի 2 ներկայացումները աննախադեպ են նաեւ նրանով, որ մասնակից բոլոր կատարողները հայեր են, նրանցից 2-ը՝ բարիտոն Մկրտիչ Բաբաջայանն ու տենոր Արայիկ Ավանյանը, Գերմանիայից ու Ֆրանսիայից Հայաստան են ժամանել հատուկ այս ներկայացումների համար:

Էդուարդ Թոփչյանը ակնկալում է, որ Վերդիի այս գործը 2 ներկայացումների ժամանակ էլ լի դահլիճներ կհավաքի: Նախաձեռնությունը միգուցե նաեւ շարունակություն ունենա:

«Եթե զգանք, որ կարիքը կա, անշուշտ, կարելի է էլի ներկայացումներ տալ: Չնայած մենք որպես երաժիշտներ 2 անգամից էլ բավարարվածություն կստանանք: Միգուցե ստացվի եւ Բորիս Հայրապետյանի հետ մի ծրագիր նկարահանենք»:

Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարը կարծում է, որ հայ օլիգարխներին դասական երաժշտությունը չի հետաքրքրում, քանի որ նրանք չեն էլ հասկանում, որ սա նաեւ քաղաքական հարց է. եթե դրսից գալիս են անվանի երաժիշտներ, նրանք հետո խոսում են մեր երկրի մասին:

«Մինչեւ պետական աջակցություն չլինի, այս ամենը բարձր մակարդակի վրա չի կանգնի: Մենք հաճախ քննադատում ենք, ասենք, մեր ֆուտբոլը, բայց ոչ թե պետք է ֆուտբոլը քննադատենք, այլ՝ ֆինանսավորողներին», - օրինակ բերեց Թոփչյանը:

Ֆիլհարմոնիկի ղեկավարը համոզված է, որ Հայաստանից դուրս աշխատող հայ երաժիշտներով կարելի է 3 նվագախումբ հավաքել:

Թեեւ Էդոաւրդ Թոփչյանը 2006-ի համար էլ հետաքրքիր ծրագրեր ունի, բայց խոստովանեց, որ այլեւս խանդավառություն չունի: Հիմա պատրաստվում է գնալ երկրի ղեկավարների մոտ ու խոսել իրեն վաղուց հուզող խնդիրների մասին:

«Ո՞վ պետք է մտածի այս ամենի մասին: Ե՞ս: Ես խնդիր չունեմ: Ես վախենում եմ, որ 2020 թվականին հայ ժողովրդի պատմության դասին երեխաներին սովորեցնեն, որ 15 տարի առաջ նվագախումբ ենք ունեցել, իսկ նրանք նվագախումբ բառի բացատրությունը փնտրեն բառարաններում», - ասում է ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG