Մատչելիության հղումներ

logo-print

Հայ երգիչներն ընդդեմ թրաֆիքինգի


Քարոզարշավի փուլերից մեկի անվանումն է «Արտիստներն ընդդեմ թրաֆիքինգի». այն իրականացնում է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան՝ համագործակցելով հայ երգիչների եւ դերասանների հետ:

Որոշ քայլեր արդեն կատարվել են: Գորիսում եւ Գյումրիում տեղի են ունեցել երկու համերգ, որոնց մասնակցել են Երգի պետական թատրոնի երգիչ-երգչուհիները:

«Ոչ միայն հանդիսատեսը, այլ նաեւ ես նոր տեղեկություններ ստացա թրաֆիքինգի մասին», - ասում է համերգների մասնակիցներից երգչուհի Քնարիկ Զաքարյանը:

Դեկտեմբերի 28-ին հակաթրաֆիքինգին նվիրված վերջին, ամփոփիչ գալա-համերգը տեղի կունենա Երեւանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում:

Արդեն գրվել է մեղեդի հակաթրաֆիքինգային եւ համաշխարհային խաղաղության թեմայով: Երաժշտության հեղինակը Արթուր Գրիգորյանն է, իսկ խոսքերը գրել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

«Թրաֆիքինգի մասին կարելի է խոսել ժամերով, քննադատել այն տարբեր անբիոններից, սակայն իր ուրույն տեղն ունի նաեւ երգարվեստը. այն ազդեցություն է թողնում ոչ միայն մարդկանց մտքում, այլ նաեւ նրանց հոգում», - ասում է Ավետը:

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան թողարկել է նաեւ հակաթրաֆիքինգային թեմայով 2 ձայնասկավառակ: Հայ երգիչ-երգչուհիներ Անդրեն, Շուշան Պետրոսյանը, Սիրուշոն, Էմմին, Աննա Խաչատրյանը եւ այլոք սկավառակներում ներկայացնելու են իրենց հայերեն կամ անգլերեն կատարումները:

«Ընտրվել են հիմնականում համամարդկային սիրուն, խաղաղությանը, բարությանը նվիրված երգեր, շեշտը չի դրվել զուտ հակաթրաֆիքինգի վրա», - ասում է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արման Ուդումյանը:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG