Մատչելիության հղումներ

Հրանտ Մարգարյան. «Հանրաքվեից հետո խաթարվել է բոլորիս վարկը»


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ի պատասխան դիտարկմանը, որ միջազգային հեղանակավոր կազմակերպությունները կասկածներ են հնչեցրել նոյեմբերի 27-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակցության թվերի մասին, ասաց, որ հանրաքվեն «անցած լինելու հանգամանքը», համենայնդեպս, կասկածի տակ չի առնվել:

Հարցին, թե մտավախություն չունի՞ Հրանտ Մարգարյանը, որ հանրաքվեի խախտումները կստվերեն կուսակցության վարկը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում արձագանքեց. - «Կարծում եմ, որ բոլորիս վարկը ինչ-որ ձեւով այստեղ խաթարվել է: Կարծում եմ, ոչ ոք Հայաստանում չի հավատում եւ չի հավատա, որ Դաշնակցությունը կեղծիքներին մասնակից է եղել: Իսկ կեղծիքների առաջն առնելու հարցում ինչու չի կարողացել անպայման հաջողի, կամ ամբողջությամբ հաջողի՝ այն է պատճառը, որ մենք մենակ ենք մնացել. մեզ հետ շահագրգռված կողմերը բոյկոտել են հանձնաժողովները եւ դուրս են եկել: Մենք իննից մեկն ենք եղել՝ այդքանով ենք պատասխանատու ամեն ինչի համար»:

Մարգարյանը ցավ հայտնեց, որ Սահմանադրության փոփոխությունների փաստաթուղթը միասնական համաձայնության արդյունք չեղավ, նաեւ տեսակետ փոխանցեց, որ ընդդիմությունն էլ պետք է խոստովանի իր բռնած ծայրահեղական գծի պարտությունը ու վերանայի այդ գիծը:

«Հիմնական պարտվողը եղավ ընդդիմությունը», - ասաց նա՝ բացատրելով. - «Այն առումով, որ չկարողացավ մեր ժողովրդի բնազդին համաքայլ ընթանալ: Պետք է հասկանալ՝ մեր ժողովուրդը չի ընդունում ծայրահեղությունը: Մանավանդ այսօր իրավիճակին այս ծայրահեղությունները անընդունելի են. ունենում ես այն տպավորությունը, որ եթե պատահի, որ Հայաստանում լինի ամեն ինչ շատ լավ եւ վարդագույն, դարձյալ որոշ մարդիկ կխոսեն հեղափոխության մասին»:

Մարգարյանի համոզմամբ, հեղափոխության համար պետք է լինեն հիմնական պատճառներ. - «Եթե կան այդ պատճառները, ով էլ որ ուզում է դեմ լինի հեղափոխությանը, հեղափոխությունը կլինի: Իսկ եթե չկան անհրաժեշտ պատճառները, բավարար պատճառները, որքան էլ ուզում ես բարձր ձայնով խոսիր հեղափոխության մասին՝ չի ստացվի»:

Հարցին, թե ինչպե՞ս եւ ե՞րբ է վերանայվելու կոալիցիոն հուշագիրը, Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը պատասխանեց. - «Կարծում եմ, որ առաջիկայում կոալիցիան այդ առումով քննարկումներ պետք է անի այս մեկ-մեկուկես տարին, որ մենք ունենք մեր առջեւում մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Բայց այստեղ չեմ շտապում որեւէ բան ասել այդ ուղղությամբ»:

2008 թվականին կլրանա Հրանտ Մարգարյանի Հայաստանը քաղաքացի լինելու տասը տարին: Այսօր իսկ կարող ենք արձանագրել, որ նախագահի ընտրությունների ժամանակ տասը տարին ամբողջովին լրացած֊-չլրացած լինելու բանավեճ չի լինելու, քանի որ հարցին, թե մտադրություն ունի՞ նախագահի թեկնածու առաջադրվելու, Մարգարյանը պատասխանեց. - «Չէ, ես նման հավակնություններ չունեմ: Իմ առաքելությունը կուսակցության մեջ համակուսակցական է, համազգային է, չի սահմանափակվում Հայաստանի Հանրապետությունով: Մեր կուսակցության մեջ շատ ավելի կարող եւ ընդունելի անձինք կան այդ գործի համար»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG