Մատչելիության հղումներ

logo-print

«Էկոնոմիստ»-ի կանխատեսումներով՝ Հայաստանի հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է


Բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» հետազոտական կենտրոնի 2006-2007 թվականների համար կատարած հետազոտությունների շարքում նաեւ Հայաստանն է հայտնվել:

Փորձագետների կարծիքով, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ լարվածությունը ձեւավորելու է Հայաստանի քաղաքական դաշտը հաջորդ երկու տարիների ընթացքում: Ընդդիմությունը, հավանաբար, կշարունակի բոյկոտել Ազգային Ժողովը, սակայն երբեմն կմասնակցի քննարկումներին առանձին հարցերի շուրջ. - «Այս հանգամանքը քիչ կազդի քաղաքականության վրա, քանի որ կառավարամետ պատգամավորները ճնշող մեծամասնություն են կազմում խորհրդարանում, բացի այդ՝ որոշումները կայացվում են նախագահական ապարատում», - գրում է «Էկոնոմիստ»-ը:

Ուժերի այս անհավասարակշիռ վիճակը, ըստ փորձագետների, շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր թուլությունը 2006-2007 թվականներին:

«Էկոնոմիստ»-ի՝ Հայաստանի հարցերով վերլուծաբան Աննա Ուոքերը կանխատեսում է, որ ընդդիմությունը չի կարող համախմբվել եւ լուրջ մարտահրավեր նետել իշխող ուժին 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ. - «Ընդդիմությունը կորցրեց համախմբվելու իր հնարավորությունը: 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ թվում էր, թե ընդդիմությունը կարող էր միավորվել միասնական ղեկավարի շուրջ եւ լուրջ մարտահրավեր նետել նախագահին ու իշխող կուսակցությանը: Սակայն վերջին երկու տարիների ընթացքում ընդդիմադիրները չկարողացան հարթել իրենց տարաձայնությունները, եւ այն փաստը, որ նրանք չկարողացան միասնական ղեկավարի շուրջ համախմբվել, լուրջ նահանջ է նրանց համար»:

«Ժողովուրդը տեսնում է, որ ընդդիմադիրները ներքին կռիվների մեջ են, չեն կարողանում հանդես գալ հետեւողական հակակառավարական քաղաքականությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում հավելեց Ուոքերը՝ կարծիք հայտնելով նաեւ, որ ընդդիմությունը չի կարողանալու միավորվել հաջորդ ընտրություններից առաջ. - «Մենք տեսնելու ենք մեծ թվով կուսակցություններ, որոնք պայքարելու են քվեների համար»:

Աննա Ուոքերը գտնում է, որ այս պայմաններում Հանրապետական կուսակցությունը ընտրությունների արդյունքում լինելու է ամենախոշոր կուսակցությունը խորհրդարանում. - «Հնարավոր է նաեւ, որ նոր կուսակցություններ հիմնադրվեն ներկա վարչակարգի անդամների կողմից, որոնք կկարողանան ձայներ խլել Հանրապետական կուսակցությունից: Բայց շատ կարեւոր է հիշել, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները շատ մեծ դեր չունեն, ավելի կարեւոր են անհատ անձնավորությունները: Այս միտումը կշարունակվի նաեւ հաջորդ ընտրությունների ժամանակ»:

Բրիտանացի փորձագետը կարծիք հայտնեց, թե «ընդդիմությունը բավարար աջակցություն չի ունենալու իշխանություններին տապալելու համար»:

«2004 թվականի սկզբներին տեղի ունեցած բողոքի ցույցերի ձախողումից հետո թուլացել է նախագահին պաշտոնանկ անելու ժողովրդական աջակցությունը: Ընդդիմադիր տարբեր կուսակցությունների միջեւ վեճերը գնալով է'լ ավելի կսրվեն, կավելանան փոխադարձ մեղադրանքները, ինչը կթուլացնի ընդդիմադիրների դիրքերը 2007 թվականի խորհրդարանական ընտրություներից առաջ», - կանխատեսում է «Էկոնոմիստ»-ը:

«Էկոնոմիստ»-ի փորձագետի կարծիքով, այս պահին ամենահավանական թեկնածուն, որին նախագահ Քոչարյանը կարող է ընտրել իբրեւ իր հաջորդ, Սերժ Սարգսյանն է. - «Նա հայաստանյան վերնախավի ամենազորեղ ներկայացուցիչներից մեկն է»: Չի բացառվում, սակայն, որ այլ քաղաքական գործիչներ հայտնվեն. - «Իհարկե, դժվար է ասել, թե ով կարող է լինել»:

Հարցին, թե իշխող կոալիցիայից կամ ընդդիմությունից ով կարող է մարտահրավեր նետել նախագահի աջակցությունը վայելող թեկնածուին, Ուոքերը պատասխանեց. - «Նման թեկնածու կարող է լինել Արթուր Բաղդասարյանը, բայց առայժմ, թվում է թե, նա բավարար հանրային աջակցություն չունի Քոչարյանի պաշտպանած թեկնածուին մարտահրավեր նետելու համար»:

Ի պատասխան հարցին, թե կվերապրի՞ արդյոք կոալիցին մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, բրիտանացի փորձագետը նկատեց, թե կուսակցությունը «ավելի ուժեղ է մնում, երբ կառավարության, այլ ոչ թե ընդդիմության մեջ է»:

«Իհարկե, հնարավորություն կա, որ «Օրինաց երկիր»-ը հեռանա կոալիցիայից, բայց այդ դեպքում կկորցնի իր ազդեցությունը: Այնպես որ, շատ հավանական է, որ կոալիցիան առայժմ կմնա միասին», - ասաց Ուոքերը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG