Մատչելիության հղումներ

«Ա1+»-ի հայցը՝ Եվրադատարանում


Բրիտանական BBC հեռուստառադիոընկերության պաշտոնական կայքում մի ծավալուն հոդված է տեղադրվել՝ նվիրված «Ա1+» հեռուստաընկերության շուրջ արդեն երրորդ տարին շարունակվող դատական գործընթացին: Վերլուծաբան Դեւիդ Բրուերը պնդում է, որ «Ա1+»-ի դատական հայցն արդեն իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի օրակարգում է:

«Ես չգիտեմ դեռ՝ հայցը լիովին ընդունված է, թե ոչ: BBC-ն, երեւի, այս հարցում մի քայլ առաջ է ընկել: Հայցը քննարկման շրջանում է, վարույթ դեռ չի մտել: Սակայն մեզ հավատ է ներշնչում այն, որ հայցը չի մերժվել, ուրեմն՝ շուտով մեզ կհայտնեն, թե երբ է լինելու վարույթը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ա1+»-ի սեփականատեր «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:

Մովսեսյանի կարծիքով, եթե, այնուամենայնիվ, տեսանելի ապագայում դատարանը քննության առնի եւ բավարարի «Ա1+»-ի հայցը, ապա իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի որոշման ձեւից:

«Մի քանի տարբերակներ կան: Նորից մրցույթ անցկացվի եւ նորմալ պայմաններ ստեղծվեն «Ա1+»-ի մասնակցության համար: Մյուս տարբերակը՝ հաջորդ մրցույթը անցնի հատուկ ստեղծված մոնիտորինգային խմբի վերահսկողության ներքո», - նշեց Մեսրոպ Մովսեսյանը:

«Մելտեքս» ընկերության տնօրենի խոսքերով, «նույնիսկ եթե Եվրադատարանը դրական որոշում կայացնի՝ չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունները խուսափեն դա կատարելուց»:

«Միանշանակ համոզված եմ, որ խուսափելու ճանապարհներ փնտրելու են, սակայն մենք ամեն ինչ կանենք, որ խուսափելու ճանապարհները փակենք», - հայտարարեց Մեսրոպ Մովսեսյանը:

Անցյալ տարի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մասնակի ընդունել էր «Նոյյան տապան»-ի հայցը: «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, Եվրադատարանում «Ա1+»-ի եւ «Նոյյան տապան»-ի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե Եվրադատարանը ճանաչել է, որ խախտվել է «Նոյյան տապան»-ի արդար դատքննության իրավունքը: Եվրոպական Կոնվենցիայի մյուս հոդվածների, ասենք՝ խոսքի ազատության խախտումների վերաբերյալ հայցը դեռեւս թեժ քննարկման փուլում է:

Ըստ Տիգրան Տեր-Եսայանի, Եվրադատարանի երկկողմանի հարցուպատասխանը «Նոյյան տապան»-ի, «Ա1+»-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ շարունակվում է: Քննարկումները բավականին թեժ են, եւ ակնկալիքներ կան, որ Եվրադատարանը մոտ ապագայում որոշումներ կկայացնի:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG