Մատչելիության հղումներ

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան «պարզաբանումներ է ակնկալում» Հայաստանի կառավարությունից


«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի արեւելաեվրոպական եւ ասիական տարածաշրջանի տնօրեն Ստեֆան Գրոֆֆը երեքշաբթի օրը ասել է, թե իրենք «պարզաբանումներ են ակնկալում սահմանադրական հանրաքվեի ընթացքում թույլ տրված կեղծիքների վերաբերյալ»:

«Մենք որոշում կայացնողներ չենք այն իմաստով, որ չենք կարող ասել, թե կեղծիքների մեղադրանքները որքանով են հիմնավորված, բայց մենք գտնում ենք, որ կառավարությունը պետք է ընդունի մեր հարցադրումները, եւ պարզաբանի՝ թե արդյո՞ք խախտումներ եղել են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Գրոֆֆը:

Պաշտոնյան հավելել է, թե Կորպորացիան սպասելու է Հայաստանի կառավարության պատասխանին, որից հետո միայն խորհուրդը կքննարկի հետագա քայլերը. - «Եթե այս ամենը տեղի ունենա ժամանակին, մենք այդ փաթեթը կարող ենք ստորագրել հաջորդ տարեսկզբին։ Այս պահին հենց Հայաստանի կառավարությունից է կախված, թե երբ կամ ինչ արագությամբ դա տեղի կունենա»։

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան մինչ այժմ շուրջ 900 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել բարեփոխումների առումով առաջընթաց գրանցած աշխարհի առավել աղքատ հինգ երկրների՝ այդ թվում Վրաստանին (շուրջ 300 միլիոն դոլար)։ Ավելորդ չէ նշել, որ կորպորացիայի շահառուների ցուցակի մեջ մտած, սակայն ժողովրդավարական բարեփոխումների ուղուց ետդարձ արձանագրած երկրներից մեկի՝ Եմենի ծրագիրը կասեցրել է։

Երեկ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է բավարարել Հայաստանի հայտը ու առաջիկա հինգ տարիների ընթացքում 235,5 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացնել կառավարությանը։

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի նախագահ Ջոն Դանիլովիչը ընդունված որոշման կապակցությամբ նախագահ Քոչարյանին հղած նամակում հայտնել է, որ կորպորացիայի դրամաշնորհի ուշացման պատճառը նոյեմբերի 27-ի հանրաքվեի խախտումների հետ կապված մտահոգություններն են եղել:

«Քաղաքական իրավունքների, ազատությունների եւ լրատվամիջոցների ազատության առումով Հայաստանում պետք է առաջընթաց ապահովվի, այլապես դրամաշնորհի հատկացումը կկասեցվի կամ չեղյալ կհայտարարվի նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո», - ասված է նամակում։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG