Մատչելիության հղումներ

logo-print

Դատախազությունը «փաստեր չունի» սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծման մասին


Գլխավոր դատախազությունում ստեղծված հանձնախումբը ուսումնասիրել է սահմանադրական հանրաքվեի քարոզչության, ինչպես նաեւ քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին մամուլի բոլոր հրապարակումները: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագրեր է ուղարկել Ազգային ժողովի նախագահին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ այն բոլոր կուսակցությունների ղեկավարներին, ովքեր հայտարարություններ են արել իրավախախտումների վերաբերյալ:

Գլխավոր դատախազությունը պատասխաններ ստացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանից, ով ներկայացրել է միջազգային դիտորդների արձանագրությունները, եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունից:

«Ընդամենը 4 դեպքով արձագանքել է նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչը, որի պատասխանը միայն բարի ցանկություն է այդ խախտումները դատախազության կողմից ի հայտ բերելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու: Որեւէ նյութ չի ներկայացված», - ասաց Աղվան Հովսեփյանը:

Իսկ Ազգային ժողովի նախագահից երեկ երեկոյան ստացված համապատասխան գրությունում, ըստ Հովսեփյանի՝ ներկայացված փաստերի զգալի մասը «արդեն իսկ զանգվածային լրատվամիջոցներում արտացոլված են եղել»:

Հովսեփյանի փոխանցմամբ, գլխավոր դատախազությունն առ այսօր ստացել է, ինչպես նաեւ մամուլի հրապարակումներից առանձնացրել եւ քննարկել է 25 հաղորդում:

«Հարուցվել է մեկ քրեական գործ: Կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 16 որոշում: Պարզաբանում է տրվել 5 դիմումով, իսկ 3 դիմումի քննարկումները դեռեւս ընթացքի մեջ են», - ասաց նա:

Հարուցված քրեական գործը չի վերաբերում ընտրախախտումներին, այլ՝ քարոզչության ժամանակահատվածում ընդդիմության հանրահավաքներից մեկի ժամանակ «Հայլուր»-ի թղթակցի նկատմամբ կիրառված բռնությանը:

Ի դեպ, լրագրողներից մեկի հարցին, թե ինչու՞ քրեական գործ չի հարուցվել նույն օրը նույն տեղում «Ա1+»-ի թղթակից Դիանա Մարկոսյանի նկատմամբ կիրառված բռնության փաստով, ինչին մամուլն անդրադարձել էր, Հովսեփյանը նախ պատասխանեց, թե կոնկրետ դիմում չի եղել, ապա հանձնարարեց իրեն տրամադրել մամուլի հրապարակումը:

Գլխավոր դատախազությունը դիմել է նաեւ «Արդարություն» դաշինքի ղեկավարին՝ իրենց տրամադրության տակ եղած իրավախախտումների մասին նյութերը ուղարկելու միջնորդությամբ:

«Առ այսօր մենք պատասխան չենք ստացել», - հայտարարեց Աղվան Հովսեփյանը: - «Եվ որեւէ նյութ չեն տրամադրել»:

Դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հաստատեց, որ նյութեր չեն տրամադրել գլխավոր դատախազությանը, որովհետեւ «չեն վստահում այլեւս»:

«Ի՞նչ է նշանակում նյութեր տրամադրել այն դատախազությանը, որը այդպես էլ որեւէ մեկին պատասխանատվության չենթարկեց 2003 թվականի կեղծիքների եւ բռնությունների համար», - ասաց նա՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ խախտումներ չեն եղել: - «Խախտումներ եղել են ե’ւ քարոզչության ընթացում, ե’ւ քվեարկության օրը»:

Ընդդիմությունը, կոալիցիոն կուսակցություններից գոնե մեկը, միջազգային կազմակերպությունները, տեղական դիտորդները պնդում են, որ ընտրակեղծիքներ, քվեաթերթիկների լցոնումներ եղել են: Գլխավոր դատախազությունն էլ, ինչպես պնդվում է՝ անկեղծորեն ուզում է քրեական գործեր հարուցել, բայց՝ «նյութեր չկան»: «Ազատություն» ռադիոկայանի այս դիտարկմանը Աղվան Հովսեփյանը պատասխանեց. - «Ես քաղաքական գործիչ չեմ եւ չեմ կարող ուղղակի հայտարարություններ անել: Ես պետք է հետեւություններ անեմ, պնդումներ անեմ փաստերի հիման վրա, որոնք հիմնավորված կլինեն ապացույցներով: Մեր կողմից կատարված ստուգումների արդյունքում չեն ձեռք բերվել ապացույցներ, որոնց հիման վրա ես կարող եմ հաստատել այն, ինչի մասին ասվեց»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG