Մատչելիության հղումներ

«ՂԱԿ»-ը պահանջում է դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը


Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ) երկուշաբթի օրը հայտարարել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ցանկանում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի հետեւանքները վերացնելու ուղղությամբ»:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, տարածված հայտարարության մեջ կազմակերպությունը նշել է, թե միջազգային միջնորդների «նման դիրքորոշումը Ադրբեջանին մղում է կնքել պարտվողական խաղաղ համաձայնագիր»:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կամենում հաշվի նստել ադրբեջանական ժողովրդի կարծիքի հետ: Մինսկի խմբի նախագահների այցին ԵԱՀԿ բարձր պլանավորման առաքելության մասնակցությունը վկայում է լուրջ վտանգի մասին», - ասված է հայտարարության մեջ:

ՂԱԿ-ը հայտարարում է, թե «կխափանի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով իրագործվող՝ միջազգային կազմակերպությունների նենգ ծրագրերը եւ կկանխի պարտվողական խաղաղ համաձայնագրի կնքումը»:

«Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը», - նշվում է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG