Մատչելիության հղումներ

Բուրջանաձե. «Գազի թանկացումը մեր անկախության վճարն է»


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն Ռուսաստանի կողմից մատակարարվող բնական գազի սակագնի սպասվող թանկացումը համարում է «երկրի անկախության վճարը»:

«Ինչ կարող ենք անել՝ սա մեր անկախության վճարն է, ինչը եւս մեկ անգամ կապացուցի, որ մենք Ռուսաստանից անկախ պետություն ենք», - վրացական «Քվիլիս պալիտրա» թերթի հարցազրույցում նշել է Նինո Բուրջանաձեն:

Նրա խոսքերով, Ռուսաստանին «նյարդայնացնում են» ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն ուղղված Վրաստանի քայլերը, ինչպես նաեւ ԱՊՀ-ին Վրաստանի անդամակցության նպատակահարմարության քննարկումը:

«Այդ պատճառով էլ [Ռուսաստանում] որոշել են պատժել անհնազանդ Վրաստանին: Ավելի լավ է մեկընդմիշտ սահմանվի միջազգային չափանիշներին համապատասխանող սակագին: Վրաստանը պետք է ձերբազատվի որոշակի հիմնախնդիրներից, որոնք վաղ թե ուշ կարող են արդիական դառնալ», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը եւ ավելացրել. - «Եթե Ռուսաստանը չստեղծի դրանք այսօր, ապա կանի դա վաղը կամ մյուս օրը, եւ միշտ կփորձի մեզ շանտաժի ենթարկել»:

«Չնայած գազի սակագնի բարձրացումը անակնկալ չէր Վրաստանի համար, սակայն լուրջ տնտեսական խնդիրներ կստեղծի երկրում: Թեեւ վրացական կողմը ստեղծված իրավիճակը ողբերգական չի գնահատում», - շեշտել է Նինո Բուրջանաձեն. - «Վիզային ռեժիմ սահմանելով՝ Ռուսաստանը մեզ շատ լավ սովորեցրեց, թե ինչպես ապրել առանց ռուսաստանյան շուկայի: Այժմ մենք եւս մեկ դաս կառնենք՝ ինչպես ապրել թանկ ռուսական գազով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG