Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. «Նախագահների բանակցությունների համար անհրաժեշտ են լուրջ հիմքեր»


Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Ադրբեջանը լրջորեն ուսումնասիրում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը:

«Հնարավոր է, որ նախագահների հանդիպման նախօրեին կայանան Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները, սակայն առայժմ վաղ է խոսել կոնկրետ ժամկետի կամ վայրի մասին», - ըստ «Թուրան» գործակալության, Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Արազ Ազիմովը:

«Նախագահների հանդիպումը չպետք է ձեւական բնույթ կրի, պետությունների ղեկավարների բանակցությունների համար անհրաժեշտ են լուրջ հիմքեր եւ օրակարգ», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսությունը, Արազ Ազիմովը կարծիք է հայտնել, թե ղարաբաղյան հակամարտությունը 2006 թվականին կարգավորելու հնարավորություններ կան, եւ կողմերը պետք է օգտվեն դրանցից. - «Ադրբեջանը կարող է հաշվի առնել հայկական կողմի որոշ մտահոգությունները ու պատրաստ է դրանք քննարկել՝ պայմանով, որ Երեւանը նույնպես ցուցաբերի նման կառուցողական մոտեցում»:

Արազ Ազիմովը նաեւ հայտարարել է, թե ԵԱՀԿ ղեկավարությունը շահագրգռված է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված կազմակերպական հարցերը հետ չմնան բանակցային գործընթացից, ինչի կապակցությամբ Ադրբեջան էր ժամանել ԵԱՀԿ Բարձր պլանավորման՝ 9-ը սպաներից բաղկացած խումբը: Փոխարտգործնախարաը հիշեցրել է, որ Խումբը ստեղծվել էր Բուդապեշտում 1994 թվականին ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունված որոշումների հիման վրա եւ նպատակ ունի լուծել ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեխնիկական եւ կազմակերպական հարցերը, մասնավորապես՝ կապված հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հետ:

«Վերջին 8 տարում սա խմբի ներկայացուցիչների առաջին այցն է Ադրբեջան, եւ սպաների ժամանումը կապված է բանակցային գործընթացի որոշակի ակտիվացման հետ», - նշել է Ազիմովը: - «Վերջին օրերին խմբի անդամները, որի կազմը անհրաժեշտության դեպքում կարող է ընդլայնվել, ծանոթացել են հրադարարի գոտու իրավիճակին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG